Մատչելիության հղումներ

ԱԺ-ն երկուշաբթի կքննարկի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը


Վարդան Օսկանյան
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի օրը արտահերթ կարգով կքննարկի Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող գործում որպես մեղադրյալ ներգրավելու հարցը:

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազի ԱԺ հինգշաբթի օրը ներկայացրած միջնորդագիրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Օսկանյանը իր «Ֆեյսբուքի» էջում միանշանակորեն որակել էր որպես «քաղաքական պատվեր»:

«Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որեւէ իրավաբանական բովանդակությունից», - ասել է Օսկանյանը:

ԱԱԾ քննչական վարչությունը այս տարվա մայիսին վերջին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ հարուցեց: Գործի քննության ընթացքում նախկին արտգործնախարարը որպես վկա էր ներգրավված: ԱԱԾ-ն պնդում է, որ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը փողեր է լվացել, Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարին փոխանցվել են 1. 135 հազար դոլար, որն, ըստ ԱԱԾ-ի, խնդրահարույց գումար է:

Օսկանյանը ԱԱԾ չորս անգամ է հրավիրվել, վերջին երեք անգամները հրաժարվել է ցուցմունք տալ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում մայիսից այս կողմ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Փաստորեն Օսկանյանն առաջինն է, ում իրավապահները ցանկանում են որպես մեղադրյալ ներգրավել գործում:

«Թող ոչ ոքի սա չվիրավորի, բայց Ռեւազի ոչխարների պատմության մեջ ավելի շատ իրավաբանություն կար, քան այս պատմության մեջ: Փորձում են մեղսագրել յուրացում` առանց տուժողի՞», - ասաց Աթանեսյանը:

Վերջին խոսքն Ազգային ժողովինն է, պատգամավորները կլսեն գլխավոր դատախազի միջնորդագրի հիմնավորումները եւ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում կկայացնեն իրենց որոշումը` զրկել Օսկանյանին անձեռնմխելիությունից, թե՞ ոչ: Գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելու համար պատգամավորների ձայների մեծամասնությունն է անհրաժեշտ: Իսկ Հանրապետական կուսակցությունը եւ նրա կոալիցիոն դաշնակից «Օրինաց երկիր»-ը, միակարծիք լինելու դեպքում, կարող են ապահովել այդ մեծամասնությունը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին ասաց` կուսակցությունը կքվեարկի այնպես, ինչպես կպահանջի Հայաստանի Հանրապետության շահը:

«Իսկ Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր պատգամավոր եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ լինի անաչառ, յուրաքանչյուր քաղաքական ուժ գործի ՀՀ օրենսդրության եւ սահմանադրության համապատասխան: ՀՀ սահմանադրությունը պահանջում է, որպեսզի ցանկացած անօրինականություն պատժվի: Եթե պարոն Օսկանյանը կլինի անմեղ, բնականաբար, հասարակությունը կիմանա, որ պատգամավորը անմեղ է եւ որեւէ խնդիր չկա», - ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով Օսկանյանի այն պնդումներին, թե սա քաղաքական պատվեր է եւ իր ընդդիմադիր ելույթների պատասխանն է, ՀՀԿ խոսնակն ասաց. - «Օսկանյանը ամենից ամենաընդդմիադիր գործիչը չէ: Կան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, որոնք շատ ավելի խիստ են քննադատում իշխանություններին եւ շատ հանգիստ քայլում են Երեւանի փողոցներով: Կարծում եմ, այս անգամ Օսկանյանի քաղաքական հնարքը չի ստացվի»:

Շարմազանովն ասաց` թող նախկին արտգործնախարարը հայտարարի, թե ով է պատվեր տվողը, հակառակ դեպքում նրա խոսքերն անլուրջ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG