Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Տեւական ժամանակ քննվող այս գործով մի պահ թվաց՝ իշխանությունը նահանջի է գնում, եւ շուտով քրեական գործը կփակվի: Սակայն պարզվեց՝ դա փոթորկից առաջ նկատվող դադարի էր նման: Երեկ հաստատվեց մեր լուրն այն մասին, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտնում է Ազգային ժողով՝ Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով: Վստահ ենք՝ ապացույցներն անբավարար են: Սակայն նույնքան վստահ ենք, որ ԱԺ-ն կտա իր համաձայնությունը: ԱԺ-ն երկուշաբթի կքննարկի միջնորդությունը: Մի բան պարզ է, որ իշխանությունը սրում է իրավիճակը»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Ի՞նչն է այդպես վախեցնում կամ զգաստացնում իշխանությանը, որ առաջանում է նմանօրինակ կոշտ գործողությունների անհրաժեշտություն: Այստեղ ըստ ամենայնի խնդիրը ոչ թե Վարդան Օսկանյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը թեեւ դե յուրե որեւէ կապ չունի այսօր Օսկանյանի հետ, այնուհանդերձ երեւի թե միայն միամիտներն են համոզված, որ Քոչարյանն իրականում չի հանդիսանում Վարդան Օսկանյանի քաղաքական հրամանատարը: Իսկ եթե նա Օսկանյանի քաղաքական հրամանատարն է, կնշանակի նաեւ տիրապետում է ֆինանսական շարժերին: Այսինքն` սա, ըստ էության, մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի դեմ, պարզապես քանի որ Քոչարյանն առայժմ խաղում է Օսկանյանով, Սերժ Սարգսյանն էլ Օսկանյանով սպառնում է Ռոբերտ Քոչարյանին: Ու թերեւս Քոչարյանից է այսօր կախված՝ վաղը կձերբակալե՞ն Օսկանյանին, թե՞ միայն մեղադրելը բավարար կլինի նախագահական ընտրությունների համար»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը հարցի առնչությամբ նկատում է. - « ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանվում է, որ պատգամավորին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին խորհրդարանի որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ: Ինչեւէ, առաջիկայում հայրենի խորհրդարանին «մեծ փորձություն» է սպասում: Համ էլ վերջապես պատգամավորները կտեսնեն ԲՀԿ առաջնորդին, որը դեռեւս ոչ մի նիստի չի մասնակցել»:

Ներքաղաքական խմորումներին վերաբերող մի անդրադարձում «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության մարտավարությունը կարծես թե կամաց-կամաց ուրվագծվում է, ընդ որում` որքան էլ առաջին հայացքից հակառակը թվա, հիմա ընդդիմության դիրքերը շատ ավելի ամուր են, քան հինգ տարի առաջ։ Բանն այն է, որ ներկայիս քաղաքական իրավիճակում ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես գալու կարիքը չունի. այս անգամ մարտավարությունը ճիշտ հակառակն է` պետք է հանդես գալ հնարավորինս շատ թեկնածուներով, որպեսզի ցանկացած ընտրող «իր ճաշակով» թեկնածուին գտնի, եւ որեւէ մեկը ստիպված չլինի չուզենալով ձայն տալ Սերժ Սարգսյանին` ընտրելով «չարյաց փոքրագույնը»։ Այս մարտավարությունը, ի դեպ, «ձեռքի հետ» նաեւ ընդդիմության միասնական թեկնածուի հարցն է լուծում։ Ակնհայտ է, որ բազմաթիվ թեկնածուների մասնակցության դեպքում Սերժ Սարգսյանն առաջին փուլով չի հաղթի, հետեւաբար` ով ամենաշատ ձայները ստանա, նա էլ երկրորդ փուլում կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն»։

«Առավոտ» թերթին տված հարցազրույցում Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը նշում է. - «Վրաստանի նոր իշխանությունները 2004 թվականի հունիսի 24-ին ընդունեցին մի օրենք, որը թույլ էր տալիս մեղադրանք առաջադրել նրանց, ովքեր իրենց համարում էին «օրենքով գող», անգամ եթե չկա հանցագործության դեպք: Բանն այն է, որ համաձայն չգրված «օրենքի», այս անձինք պարտադիր պետք է պատասխանեն իրենց ուղղված հարցին: Սա սկիզբն էր այդ «գողականության» մենթալիտետի արմատախիլ արման: Ըստ իս, Վրաստանի ոստիկանական բարեփոխման գլխավոր արդյունքը ոչ թե կոռուպցիայի վերացումն էր համակարգում, այլ «գողականության» մենթալիտետի վերացումը հասարակական գիտակցության մեջ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG