Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Միջնորդագիրը համարում եմ քաղաքական պատվեր»


«Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը։

«Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որեւէ իրավաբանական բովանդակությունից», - ասված է հայտարարությունում, որը տարածել է Օսկանյանի գրասենյակը։

Նշելով, որ պաշտոնապես դեռ չի ստացել անձեռնմխելիությունից իրեն զրկելու միջնորդագիրը, ուստի չի ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու, նախկին արտգործնախարարը շարունակում է. - «Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն: Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ»:

«Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է եւ բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաեւ այս հաշվարկներում են սխալվել», - հայտարարում է Օսկանյանը` պատրաստակամություն հայտնելով «թեկուզ այս պայմաններում եւ այս հարթության վրա շարունակել պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»:

Հայտարարություն է տարածել նաեւ Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ընդգծելով, որ «համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` Ազգային ժողովի նախագահը, ստանալով գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչը այս դեպքում չի կատարվել եւ, ըստ էության, օրենքի խախտում է»:

«Սա օրենքի բացահայտ արհամարհանք է եւ անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը», - հայտարարում է փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG