Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 26-ի մամուլ


«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադառնում է Խոսրովի արգելոցում բնապահպան ակտիվիստների արձանագրած իրավիճակին. - «Նրանք այցելել էին Խոսրովի արգելոց ու հայտնաբերել Կարմիր գրքում ներառված կենդանիների կտրված գլուխներ, վերջույթներ, խորովածի կրակի հետքեր, դատարկ օղու շշեր եւ այլն: Այս կադրերից ակնհայտ է դառնում, որ Խոսրովի արգելոցը վերածվել է լավ թանկանոց որսատեղիի` այցելուները կարող են տեղում որսալ բեզոարյան այծ կամ արջ, որոնք, կրկնենք, ներառված են Կարմիր գրքում, տեղում խորոված անել, լափել, խմել, պարել, երգել ու հեռանալ: Մինչդեռ, ըստ Հայաստանի օրենսդրության, այդ արգելոցում ոչ միայն չի կարելի որս անել, այլեւ մուտքն այդ տարածք` առանց հատուկ թույլտվության, խստիվ արգելվում է»:

«Առավոտ»-ի խմբագիրը հարցնում է. - «Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա` կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել»: Թերթն այս թեման փակում է մեկ այլ հարցադրմամբ. - «Կարծում եք ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու եւ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ. որովհետեւ նա զգում է (կամ գուցե գիտի), որ դա իր «յուրայինների»` պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»»:

«Հրապարակ» թերթը գրում է, թե իր աղբյուրները տեղեկացրել են, որ «Հարսնաքար» ռեոստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը նեղացած է Սերժ Սարգսյանից, որովհետեւ «Նուվել դը Արմենիին» տված սկանդալային հարցազրույցից հետո այդպես էլ չեն հանդիպել, ինչն ինքը շատ կուզեր:

«Վիրավորանքի ծուղակը» վերնագրով վերլուծական հոդվածում «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Կարծում եք` պատահակա՞ն է, որ Սերժ Սարգսյանի վարչակազմի օրոք այդքան մոդայիկ է դարձել խոսել հանդուրժողականության մասին եւ միաժամանակ արտահայտել կեղծ եկեղեցասիրական զգացմունքներ: Մեզ մոտ էլ, ուրեմն լիբերալիզմի այս նոր տեսակն ու շինծու պահպանողականությունը միասին են քայլում»:

«Հայոց աշխարհ» թերթն ամփոփում է. - «Մի տեսակ սուսուփուս, ավելի ճիշտ` առանց մեծ աղմուկի ու հարայհրոցի, Հայաստանի 10 մարզերի հարյուրավոր գյուղերում ու տասնյակ քաղաքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զուտ քաղաքական առումով իսկապես տարօրինակ է քաղաքական ուժերի դրսեւորած մոտեցումը։ Հատկապես եթե նկատի առնենք, որ տարիներ շարունակ այդ ուժերը կամ նրանց առնվազն մի մասը ուղեկից քարոզիչների միջոցով թեժ գարուն, ամառ, աշուն, ձմեռ են խոստանում։ Իսկ այստեղ «թեժացման» շարժառիթն ու պատրվակը, ՏԻՄ ընտրությունների տեսքով, «իր ոտքով» եկել է իրենց դուռը, բայց ոչ միայն դուռը չեն բացում, այլեւ ասում են՝ «տի կտո տակոյ, դավայ՝ դասվիդանյա»։ Առավել եւս տարօրինակ պասիվություն՝ եկող տարի նախատեսված նախագահական ընտրություններին ընդառաջ։ Չէ՞ որ ՏԻՄ ընտրությունները հարմար առիթ էին քաղաքական ակտիվությունն ու հանրության հետաքրքրությունը բարձր պահելու համար»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գնահատում է. - «Հայաստանի իշխանական համակարգն այնպիսին է, որ տեղական ինքնակառավարման մարմիններ չկան. կան վերակացուներ, ովքեր պարտավոր են «տեղերում» անսասան պահել գործող նախագահի իշխանությունը: Սա նշանակում է, որ որեւէ համայնքում հաղթելու դեպքում ընդդիմությունը երկու ճանապարհ ունի` կամ հանուն այդ համայնքի համագործակցել իշխանությունների հետ, կամ ամբողջ գյուղով ապստամբել իշխանությունների դեմ: Երկրում երկու տարբերակներն էլ անընդունելի են, հետեւաբար` երկրում ինչ-որ բան փոխել հնարավոր է միայն համապետական ընտրությունների միջոցով»:

«Հրեշտակ ոստիկաններն ու ոստիկանության ծախսերը» վերնագրի ներքո «Ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանի հետ: Թերթը նշում է, որ 2011 թվականին ոստիկանությունը «հիմնահատակ ծախսել է ավելի քան 24 միլիարդ դրամը` թե բյուջետային, թե արտաբյուջետային միջոցները»: «Ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է, թե արդյո՞ք հիմնավորված էր ծախսը, երբ Վլադիմիր Գասպարյանը որոշեց նոր համազգեստ հագցնել ոստիկաններին, այն դեպքում, որ համազգեստ արդեն պատվիրել էր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ոստիկանապետի տեղակալը պատասխանել է, թե հիմնավորված էր եւ բացատրել է. - «Նոր գումարտակ է ձեւավորվել, հատուկ գումարտակ: Եթե տեսել եք, մենք դա անվանում ենք Հրեշտակների գումարտակ: Շուրջ 60 հոգի են»: Լրագրողի հարցին, թե «հրեշտակ-ոստիկաններն» արդարացնո՞ւմ են իրենց, մարդիկ հավատո՞ւմ են նրանց հրեշտակային էությանը, ոստիկանապետի տեղակալ Օսիկյանը պատասխանել է. - «Դա ժամանակը ցույց կտա»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG