Մատչելիության հղումներ

«Իմ հասցեին ահավոր բաներ կլսեմ եւ կպաշտպանեմ դա անելու իրավունքը»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2012թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 25-ը սեպտեմբերի, 2012թ.

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Սթիվենսը մարմնավորել է լավագույնն, ինչ ունի Ամերիկան

Ամերիկայի Միացյալ Նահնագների նախագահ Բարաք Օբաման
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի իր ուղերձում խոսել է մահմեդական աշխարհում վիրավորական եւ հակաիսլամական համարվող հայտնի տեսաֆիլմից հետո տարբեր երկրներում սկսված հակաամերիկյան ընդվզումների մասին, որոնց զոհ է դարձել ավելի քան 30 մարդ, այդ թվում Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը։

«Քրիս Սթիվենսը մարմնավորել է այն լավագույնն, ինչ ունի Ամերիկան, ինչպես եւ նրա հետ այնտեղ զոհված պետդեպարտամենտի երեք ծառայողները, նա օվկիանոսներ եւ մշակույթներ միացնող կամուրջներ է կառուցել»,- ասել է Օբաման, ավելացնելով, որ սպանված դեսպանի երազանքն էր Լիբիան տեսնել ազատ եւ դեմոկրատական երկիր։

Նախագահի խոսքերով, Բենգազիում խաղաղ մարդկանց վրա հարձակումները, ըստ էության, հարձակում էին Ամերիկայի վրա, եւ Ամերիկան, իհարկե, ջանք չի խնայի հանցագործներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։

Այդ ֆիլմը վիրավորանք է նաեւ Ամերիկայի համար

«Ես հստակ ընդգծել եմ` ԱՄՆ-ի կառավարությունը որեւէ առնչություն չունի այդ ֆիլմի հետ, որը պետք է մերժեն բոլորն, ովքեր կիսում են մարդկայնության մասին մեր գաղափարը։ Այդ ֆիլմը վիրավորանք է ոչ միայն մահմեդականների, այլեւ Ամերիկայի համար, քանի որ` ինչպես վկայում է այս պատերից այն կողմ գտնվող քաղաքը (Նյու Յորքը), մեր երկիրը ընդունում է բոլոր ռասաների եւ բոլոր դավանանքների մարդկանց»,- ՄԱԿ-ում հայտարարել է Բարաք Օբաման։

Նրա խոսքերով, հիշատակված ֆիլմը «զարհուրելի է եւ բիրտ», եւ ԱՄՆ-ում հասկանում են, թե ինչու են վիրավորված այդ մարդիկ, նրանց թվում են նաեւ միլիոնավոր ամերիկացիներ։


Ատելության դեմ զենքը հանդուրժողականությունն է

Նախագահի խոսքերով, նման ֆիլմերի պատրաստումը երաշխավորող խոսքի ազատությունը ընձեռում է նաեւ ատելություն սերմանող հրապարակումներին հակադարձելու հնարավորություն։

«Ատելության խոսքի դեմ ամենահզոր զենքը ոչ թե հալածանքն է, այլ հանդուրժողականության խոսքը` ուղղված մոլեռանդության եւ աստվածանարգության դեմ, խոսք, որն առաջ կտանի փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի արժեքը»։

«Բռնությունն ու անհանդուրժողականությունը չպետք է տեղ ունենան մեր միավորված ազգերի ընտանիքում,- ասել է Օբաման։

Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը

«Ոմանք հարց են տալիս, լավ ինչո՞ւ պարզապես չարգելել նման տեսասֆիլմ։ Դրա պատասխանը մեր օրենքներում է, մեր սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը»,- ասել է Օբաման եւ ավելացրել, որ ԱՄՆ-ում անհաշիվ սադրանքներ են հրապարակվում։

«Ինչպես եւ ամերիկացիների մեծամասնությունը` ես էլ քրիստոնյա եմ, սակայն մենք չենք արգելում աստվածանարգությունը, նույնիսկ եթե այն հասցեագրվում է մեր սրբազան հավատքին»։

«Որպես նախագահ եւ գլխավոր հրամանատար, ես կարող եմ ամեն օր իմ հասցեին ահավոր բաներ լսել, բայց ես ամեն ինչ կանեմ դա անելու մարդկանց իրավունքը պաշտպանելու համար»,- հայտարարել է Բարաք Օբաման։ Դահլիճը ծափահարություններով է արձագանքել նրա այդ հայտարարությանը։



Մոլեռանդը իսլամական աշխարհի տեսակետը չի արտահայում

Միացյալ Նահանգների ղեկավարի փոխանցմամբ, մահմեդական ալեկոծված աշխարհում ոմանք պարզապես հմտորեն շահագործում են մարդկանց զգացմունքները։ «Դեսպանատների ավերումը, ամերիկյան դրոշի այրումը, գրոհները, բախումները ոչ աշխատատեղ են ստեղծելու, ոչ էլ ստամոքսն են լցնելու»,- ասել է Օբաման։

Մոլեռանդությանը հակազդելու համար պետք է կրթություն տալ երիտասարդներին, լուծել սոցիալական հարցերը, արդար եւ դեմոկրատական հասարակարգ ստեղծել։

Բարաք Օբաման ասաց, թե համոզված է, որ մոլեռանդները չեն արտահայտում իսլամական ամբողջ աշխարհի տեսակետը։


Միջուկային ռումբով Իրանը` համաշխարհային սպառնալիք

ԱՄՆ-ի ղեկավարը անդրադարձել է նաեւ Մերձավոր Արեւելքի հիմնախնդիրներին։ Նա ասել է, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը պետք է հեռանա։

«Սիրիան չպետք է պատկանի մի բռնապետի, ով կոտորում է սեփական ժողովրդին, Սիրիան պետք է պատկանի բոլոր սիրիացիներին` սունիներին եւ ալավիտներին, քրդերին եւ քրիստոնյաներին»,- ասել է Օբաման

Նա խոսել է նաեւ Իրանի մասին, հայտարարելով, որ այդ երկրի վարչակարգը խախտում է հպատակների իրավունքները, սատարում է Դամասկոսի բռնապետին եւ արտասահմանում գործող ահաբեկչական խմբավորումներին։

«Հերթական անգամ Իրանի վարչակարգը բաց է թողնում իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելու եւ ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունը կատարելու հնարավորությունը»,- ասել է Օբաման, ավելացնելով, որ միջուկային ռումբով զինված Իրանը սպառնալիք կլինի ոչ միայն Իսրայելի գոյության, այլեւ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայունության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG