Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետը բերման է ենթարկվել


Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանը այսօր բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք` տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) երեկվա ընտրությունների առնչությամբ: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Շրջանառվող լուրերի համաձայն, իրավապահները Սերգեյ Բագրատյանին բերման են ենթարկել ընտությունների ժամանակ խուլիգանական գործողություններ կատարելու կասկածանքով՝ ոստիկանին հարվածելու միջադեպի առնչությամբ:

Տիգրան Ուրիխանյանը, սակայն, բացառեց խուլիգանական որեւէ արարքի հնարավորությունը, հավելելով, որ ԲՀԿ-ն հետեւում է իրադարձություններին, եւ պաշտոնական գնահատականով հանդես կգան մանրամասները ճշտելուց հետո:

Կիրակի օրը ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում Վայոց Ձորի երեք տասնյակ համայնքներում, այդ թվում Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում, որտեղ թեժ մրցակցություն էր ծավալվել Հանրապետականի (ՀՀԿ) եւ ԲՀԿ-ի թեկնածուների միջեւ։

Եղեգնաձորում «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Հարությունյանին, նախնական տվյալներով, հաջողվել է հաղթել հանրապետական Սիրեկան Բաբայանին 363 ձայնի առավելությամբ: Իսկ Վայքում ԲՀԿ-ն ներկայացնող Բաբա Բաբայանը երրորդ տեղն է գրավել, Հանրապետականի թեկնածու Հարություն Սարգսյանն է հաղթել այստեղ:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 23-ին Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի 262 համայնքներում կայացած համայնքների ղեկավարների ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներն են մեծ առավելության հասել: ԲՀԿ-ի ներկայացուցիչները մոտ երկու տասնյակ համայնքներում են հաղթել, ընդ որում` դրանք հիմնականում այն համայնքներն են, որտեղ ԲՀԿ-ն հանրապետական մրցակիցներ չուներ: Գլխավորապես ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող Կոտայքի մարզում է արձանագրվել այդ պատկերը։ Մեծ քաղաքներից Աբովյանում է հաղթել Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, որի մրցակիցը անկուսակցական, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանն էր։

Դիլիջանում եւ Վարդենիսում ՀՀԿ - ԲՀԿ պայքարում առավելության են հասել Հանրապետականի թեկնածուները. Գավառում, Սեւանում եւ Աշտարակում ԲՀԿ-ն թեկնածուներ չուներ։ Գավառում 4 թեկնածուներից առավելության է հասել համայնքի անկուսակցական ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Սեւանում հաղթել է միակ թեկնածուն՝ հանրապետական Ռադիկ Ղուկասյանը, Աշտարակում՝ անկուսակցական Արմեն Անտոնյանը:

Ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն Հանրապետականի հետ մրցում էր 31 համայնքներում:

Ինչ վերաբերում է ընտրությունների վերաբերյալ գնահատականներին` «Բարգավաճ Հայաստան»-ը բարձրաձայնում է իր մտահոգությունները։

«Մենք էլի առնչվեցինք որոշ դեպքերում՝ ցնդող թանաքներին, նորից առնչվում ենք հանձնաժողովականների կամայականություններին, ոստիկանությունը այս անգամ մի քիչ ավելի նախաձեռնողական էր, քան նույնիսկ ցանկալի է․ Վարդենիսում, Դիլիջանում մեր թեկնածուների ներկայացուցիչները հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ՝ ոչ ամբողջապես օբյեկտիվ պատճառաբանություններով զրուցելու նպատակով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց ԲՀԿ-ի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։

Մինչդեռ, Հանրապետական կուսակցությունը արտառոց դեպքեր չի արձանագրել. ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը ավելի ամրապնդեց իր դիրքերը առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ. - «Եթե դրան գումարենք նաեւ հանրապետական ավագանիների հաջողությունը, իհարկե, նախագահական ընտրություններից առաջ եւս մեկ անգամ կարող ենք վերահաստատել, որ Հանրապետականը հանդիսանում է հիմնական եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժը»։

Ընդդիմությունը, որը խիստ պասիվ էր այս ընտրություններում, համաձայն չէ, որ Հանրապետականն ամրապնդեց իր դիրքերը ՏԻՄ ընտրությունների շնորհիվ:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իշխանությունները համապետական ընտրություններում ընտրակեղծիքներ անում են անկախ համայնքների ղեկավարների կուսակցական պատկանելությունից:

Իսկ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ այս ընտրությունների արդյունքներով ոչինչ էլ չի փոխվել. - «Դա ոչինչ չի նշանակում։ Մենք 2008-ին էլ գործում էինք պայմաններում, երբ նորից նույն բեսպրեդելն էր, նույն անօրինականությունները, նույն կեղծարար մեքենայի կողմից ձեւավորված ՏԻՄ-երը, բայց դա մեզ չխանգարեց հզոր ընտրարշավ ծավալել եւ, ըստ էության, հաղթել նախագահական ընտրություններում։ Այլ բան է, որ դա հետո ուղղակի գողացվեց»:

Երեկվա ՏԻՄ ընտրություններում համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական էին, 282-ը` հանրապետական, 87-ը` ԲՀԿ-ից, 27-ը` դաշնակցական, 8-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունից, 1-ական` «Ժառանգություն»-ից եւ մի քանի այլ կուսակցություններից։

Երեկ եւ սեպտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների արդյունքներով` 700 համայնքների ղեկավարների պաշտոնների 80 տոկոսից ավելին համալրվեցին հանրապետականներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG