Մատչելիության հղումներ

Ծառուկյանի փեսան պահպանեց Աբովյանի քաղաքապետի պաշտոնը


Կարապետ Գուլոյանը Աբովյանի թիվ 10 դպրոցում կայացած հանդիպման ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2012թ.
Կարապետ Գուլոյանը Աբովյանի թիվ 10 դպրոցում կայացած հանդիպման ժամանակ, 19-ը սեպտեմբերի, 2012թ.

Այստեղ քվեարկությունը աչքի ընկավ մասնակցության ցածր ցուցանիշով։

Կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը վերընտրվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնում։

Նախնական տվյալներով, Գուլոյանը ստացել է 10 հազար 186 ձայն, իսկ նրա մրցակիցը` «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր, Ղարաբաղի ինքնապաշտպանության ժամանակ «Դահրավ» ջոկատի հրամանատար, որպես «Հազարապետ» հայտնի Արտաշես Մեհրաբյանը` 1778 քվե։ Շատ են անվավեր քվեաթերթիկները` 791։

Մեհրաբյանը երկուշաբթի վաղ առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե բողոքարկելու է ընտրության արդյունքները. - «Ես պետք է գնամ եւ բողոքարկեմ։ Սա էլ ընտրություն չէր»։

Մինչդեռ երեկ կեսօրին նա ասում էր. - «Ինձ տեղեկությունները հասել են, որ Գագիկ Ծառուկյանը շատ խիստ է վերաբերվում հենց էս ընտրություններին եւ զգուշացրել է որոշ մարդկանց, որ հանկարծ խախտումներ չլինեն»։

Այս թեկնածուի վստահված անձինք, հիմնականում, աբովյանցիներ չէին. - «Աբովյանից ընդհանրապես ոչ մեկը չկա` վստահված անձ չունենք Աբովյանից։ Մի պարզ պատճառով` որ համարձակություն չունեն, չկա Աբովյանում։ Իմ երեխեքով գնում ենք, թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք...»։

Քվեարկության ամբողջ ընթացքում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները արձանագրում էին, որ Աբովյանում ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է։

Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների 19 տոկոսը, իսկ ընտրատեղամասերը փակվելուց հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 30 տոկոսից քիչ ավելին. - «Ցուցակային 42 հազար 552 ընտրողներից մասնակցել են 12 հազար 918-ը, նախնական։ Բավականին ցածր է նախորդ ընտրությունների համեմատ»։

Երեկոյան, երբ արդեն պետք է փակված լինեին բոլոր ընտրատեղամասերը, թիվ 28/06 ընտրատեղամաս մտավ երկու ընտրող։ Ի պատասխան Ընտրական օրենսգրքի պահանջի մասին հիշեցման, ըստ որի` քվեարկությունը ավարտվում է ուղիղ ժամը 20-ին, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հունան Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ օրենքի այդ կետը բնավ չի խանգարում, որ մարդիկ ընտրեն։ «Ընտրողի ձայնը նման բաներով պետք չի, ասենք, կորցնի», - ասաց հանձնաժողովի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG