Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը նշանակել է ԼՂ կառավարության անդամներին


ԼՂ կառավարության շենքը
ԼՂ կառավարության շենքը
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել ԼՂ կառավարության անդամներ նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետեւյալ կազմը. դաշնակցական, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նշանակվել է ԼՂ փոխվարչապետ, Զոյա Լազարյանը՝ առողջապահության նախարար, Արարատ Դանիելյանը՝ արդարադատության, Լեւոն Մնացականյանը՝ արտադրական ենթակառուցվածքների, Կարեն Միրզոյանը՝ արտաքին գործերի, Անդրանիկ Խաչատրյանը՝ գյուղատնտեսության, Սլավիկ Ասրյանը՝ կրթության եւ գիտության, Նարինե Աղաբալյանը՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի, Մովսես Հակոբյանը՝ պաշտպանության, Նարինե Նարիմանյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կարեն Շահրամանյանը՝ քաղաքաշինության, Սպարտակ Թեւոսյանը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար: Այս մասին տեղեկացնում է ԼՂ նախագահի գրասենյակի տեղեկատվության վարչությունը:

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը համաձայնություն էր տվել նախագահ Բակո Սահակյանի կողմից Արա Հարությունյանին վարչապետ նշանակելու մասին որոշմանը:

Բակո Սահակյանի այլ հրամանագրերով` Արարատ Դանիելյանն ազատվել է ԼՂ նախագահի խորհրդական-ԼՂ Ազգային ժողովում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ: Լեւոն Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իսկ Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:

Նշենք, որ Սահակյանը այսօր նաեւ այցելել է ԼՂ արտաքին գործերի նախարարություն եւ գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ արտգործնախարար Կարեն Միրզոյանին: Լեռնային Ղարաբաղը շուրջ մեկ տարի արտգործնախարար չուներ: Արտգործնախարարի պաշտոնակատարը Վասիլի Աթաջանյանն էր, ում Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել իր գործունեության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG