Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը առայժմ իր դիմումը ետ չի վերցրել


Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը երեկվա դրությամբ ետ չի վերցրել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը։

Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվեց իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահանալուց օրեր անց։ Հուլիսի 4-ին նրա ներկայացրած դիմումը Ազգային ժողովում հրապարակվեց սեպտեմբերի 5-ին։ Ազգային ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն` Հայրապետյանը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում, իսկ եթե դա չանի` դիմումը կհամարվի ընդունված, եւ նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այն փաստը, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայրապետյանը իր դիմումը ետ չի վերցրել, արդյո՞ք նշանակում է, որ նա մանդատը այլեւս վայր է դրել, Հրայր Զորյանը պատասխանեց, որ այդ հարցերը կարգավորվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 13-րդ հոդվածով եւ 35-րդ հոդվածի 5-րդ կետով։

ԱԺ 35-րդ հոդվածի 5-րդ կետում, մասնավորապես, ասված է․ - «Օրենքով ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG