Մատչելիության հղումներ

Ստեփանավանի թիվ 6-րդ դպրոցում քաղաքական հետապնդո՞ւմ


Ուսուցչուհին, իր աշխատանքին խոչընդոտելը, որակում է որպես քաղաքական հետապնդում:

25 տարվա աշխատանքային փորձ ունեցող Սերաֆիմա Գեւորգյանը մինչեւ խորհրդարանական ընտրություններն անարգել աշխատել է Ստեփանավանի թիվ 3 դպրոցում եւ, իր խոսքով, ոչ մի խնդիր չի ունեցել գործընկերների ու տնօրենի հետ: Սակայն, երբ պարզվեց, որ մայիսի խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Կարապետյանի հետ իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Գեւորգյանի դստեր ամուսինը` Անուշավան Նիկողոսյանը, մանկավարժը նախկին ու նոր աշխատավայրերում խնդիրներ ունեցավ:

Սերաֆիմա Գեւորգյանի խոսքով, երբ Ստեփանավանի թիվ 3 դպրոցը ավագ դպրոց դարձավ, ինքը կրճատվեց աշխատանքից ու տեղափոխվեց 6-րդ դպրոց: Տնօրենն իրեն ասել է, որ պակաս աշակերտների թիվը լրացնելու դեպքում իրեն թույլ կտան աշխատել դպրոցում եւ մասնակցել մրցույթին: 22 աշակերտ հավաքագրելուց հետո Գեւորգյանը 13 օր աշխատել է դպրոցում:

«Աշակերտներս իրենց ծնողների հետ կարող են վկայել ու հաստատել, որ ես 13 օր դասավանդել եմ», - հավելեց զրուցակիցս:

Այնուհետեւ տնօրենն առանց հստակ բացատրության ասել է, որ Գեւորգյանն այլեւս չի աշխատելու: Տնօրենի բանավոր հրահանգն ու մանկավարժի դստեր ամուսնու թեկնածության առաջադրումը փաստորեն համընկել են:

Այս տեղեկությունը ներկայացրեցինք նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ հետաքրքրվեցինք, թե քաղաքականությունը ո՞ւմ ձեռքով է մտել Ստեփանավանի թիվ 6-րդ դպրոց:

«Չեմ համարում, որ մեր դպրոցներում քաղաքական հետապնդում կա: Եթե նման դեպք կա, ապա նա արագ արձագանքման արժանի է նախ եւ առաջ համապատասխան մարմինների հետո նոր նախարարության կողմից », - ասաց Աշոտյանը:

Տիկին Գեւորգյանի խոսքով` տնօրենն ասել է, թե վերեւից թույլ չեն տալիս, որ ինքն աշխատի, իսկ դպրոցին, այսպես ասած, «վերեւից ասողները» մարզպետարաններն են:
Շուրջ երկու օր փորձեցինք կապ հաստատել անգամ այս դպրոցի վերեւի` Լոռու մարզի մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանի հետ, սակայն մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Աշխատանքային ժամերին Սայադյանի աշխատանքային հեռախոսը համառորեն լռում էր:

Թիվ 6-րդ դպրոցի տնօրեն Վոլոդյա Մարտիրոսյանը հերքեց ուսուցչուհու բոլոր պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG