Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է նախագահական ընտրապայքարին


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրապայքարին` իր թեկնածության «առաջադրման կամ բացառման միջոցով»:

«Ես հաջորդ հարյուր օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի արդի պետության նախագահության քաղաքացիական համոզիչ թեկնածության ձեւավորմանը: Նա, ով ի վերջո կդառնա 2013 թվականի արշալույսին նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը` ես թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ», - իր հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հովհաննիսյանը:

Իր ելույթում, որը նա անվանեց «Թեկնածու դառնալու մասին», Հովհաննիսյանը մասնավորապես ասաց. - «Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր 20 տարուց ավելի է վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991 թվականից` հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի, նոր, նորարար եւ դե յուրե նախագահի»:

Նոր վարչակազմը կաշխատի նախագահության մեկ շրջան. չորրորդ նախագահը, ըստ «Ժառանգության» առաջնորդի չի վերընտրվելու. - «Հաջորդ 5 տարիների ընթացքում հայ ժողովուրդը կհրավիրի Սահմանադիր ժողով, կհռչակի խորհրդարանական հանրապետություն, կպարտադրի օրենքի գերակայություն, կառանձնացնի իշխանության ճյուղերը եւ կդարձնի նրանց հաշվետու, կտարանջատի մեծ բիզնեսը հանրային կառավարումից եւ վերացնի մենաշնորհային ահավոր, արատավոր մեր իրականությունը»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Հովհաննիսյանը Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ անվանեց «անպատեհ ուղղահայաց» եւ կոչ արեց վերակառուցել դրանք` դիվերսիֆիկացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները «առանձին, բայց համարժեք կապերով ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի, Չինաստանի եւ Հնդկաստանի, բարելավված Վրաստանի, նորացված Իրանի եւ մեծ Միջին Արեւելքի հետ»:

Մեր երկիրը անվանելով «արեւմտյան քաղքակրթության անտիկ սկզբնաղբյուր»` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Հայաստանը կդառնա Եվրոպական Միության անդամ:

Իր խոսքում «Ժառանգության» առաջնորդը կոչ արեց Թուրքիային` «Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի օրը»` 2015-ի ապրիլի 24-ին, իր մեջ բարոյական տոկություն գտնել ու ճանաչել «մարդկության հանդեպ գործած աննախադեպ ոճիրը», ինչպես նաեւ հաշտություն հաստատել` ճշմարտությունն ընդունելով եւ էական փոխհատուցում հատկացնելով:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե Հայաստանի նոր վարչակազմը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը. - «Քննարկումից դուրս եւ բյուրեղի պես պարզ է, որ Արցախն այլեւս երբեք չի տառապի ավատատիրական մի վարչակարգից, որը պանծացնում է կացնահարող մարդասպաններին եւ օրը ցերեկով ավերում մշակութային այնպիսի գանձեր, ինչպիսիք են Ջուղայի միջնադարյան գերեզմանների խաչքարերը»:

Հովհաննիսյանն ասյօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` տեղեկացնելով, որ դա կանի հոկտեմբերի 1-ին նախատեսված ասուլիսում:
XS
SM
MD
LG