Մատչելիության հղումներ

Նախկին ՀՅԴ-ական պատգամավորը մեղադրում է Ղարաբաղի կառույցին


Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) շարքերից օրերս հեռացված պատգամավոր Վահան Բադասյանը կուսակցության որոշումը որակում է «շահադիտական»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բադասյանը կարծիք հայտնեց, թե Դաշնակցության Բյուրոյի այդ որոշումը կայացվել է միանձնյա: Նախկին դաշնակցականի համար կուսակցության նման որոշումը եղել է բավական անսպասելի:

Բադասյանը նախագահական ընտրություններին բացահայտ պաշտպանեց իր մարտական ընկեր, ինչպես նաեւ իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, այնինչ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն սատարեց գործող նախագահ Բակո Սահակյանին:

«Դաշնակցության 125-ամյա պատմության մեջ նման բան չի եղել, Դաշնակցության մեջ որոշումները ծնվում են ներքեւներից, սակայն այստեղ Բյուրոյի ներկայացուցիչը միանձնյա պարտավորեցրեց, որ Կենտրոնական կոմիտեն Բակո Սահակյանի օգտին հայտարարություններ անի, այնինչ մինչ այդ կուսակցության Արցախի որոշ ղեկավարների դրդմամբ Վիտալի Բալասանյանը արդեն հայտ էր վերցրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար», - ասաց Բադասյանը:

Դեռեւս նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հայտարարել էր, որ այն դաշնակցականը, ով կշրջանցի կուսակցության որոշումը, կդառնա նախկին դաշնակցական: Սակայն Վահան Բադասյանը պնդում է, որ կուսակցության մեծամասնությունը պաշտպանեց հենց Վիտալի Բալասանյանին:

«Եթե այդ սկզբունքով առաջնորդվեն, փաստորեն պետք է հեռացնեն կուսակցության ողջ կազմը», - պնդում է Բադասյանը:

Այժմ արդեն բացահայտ ընդդիմադիր հայացքներով Վահան Բադասյանը եւ Վիտալի Բալասանյանը, ինչպես նաեւ նրանց մի խումբ համախոհներ ստեղծել են «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժումը, որի շրջանակներում ինչպես իրենք են նշում, պայքարելու են անօրինությունների դեմ:

Սակայն Ազգային ժողովի նիստին, որի ընթացքում պետք է հաստատվեր կամ չհաստատվեր վարչապետի թեկնածությունը, Վիտալի Բալասանյանն ու Վահան Բադասյանը չներկայացան այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում այս քաղաքական գործիչները մեկ անգամ չէ որ քննադատեցին գործող վարչապետի կողմից վարվող քաղաքականությունը (ԼՂ խորհրդարանի բացարձակ մեծամասնության համաձայնության արդյունքում վարչապետ Արա Հարությունյանը վերընտրվեց):

Հարցին, թե ո՞րն էր նիստին չներկայանալու պատճառը, Բադասյանը պատասխանեց. - «Հիմնականում մի դրդապատճառով չեմ ներկայացել նիստին` իմանալով, որ այնտեղ հայտարարվելու է ինձ ֆրակցիայից դուրս հանելու մասին: Դա ինձ համար մեծ ցավ է, որովհետեւ ես 22 տարուց ավելի դաշնակցական եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG