Մատչելիության հղումներ

Հանձնվեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը


Նախագահ Սերժ Սարգսյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարության ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարության ժամանակ:
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հանդիսավորությամբ հանձնվեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը:

Աստղագիտության բնագավառում միջազգային կարեւոր մրցանակների թվին դասվող այս մրցանակը` 500 հազար ԱՄՆ դոլար, հիմնվել է 2009 թվականին, առաջին անգամ հանձնվել է 2010 թվականին:

Միջազգային հանձնաժողովի որոշմամբ մրցանակն այս տարի շնորհվեց Յան Էյնաստոյին (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովին (Ռուսաստան):
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիրներ Իգոր Նովիկովը (ձ) եւ Յան Էյնաստոն:
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի դափնեկիրներ Իգոր Նովիկովը (ձ) եւ Յան Էյնաստոն:

Արարողության ներկա էր եւ մրցանակն անձամբ հանձնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վիկտոր Համբարձումյանն օժտված էր եզակի շնորհով ու տաղանդով: Նա ոչ միայն հանճարեղ գիտնականի, այլեւ բարոյական ամենաբարձր հատկանիշներով օժտված մարդու իսկական կերպար էր: Յուրաքանչյուրը, ով նրա հետ շփվելու բախտ էր ունենում, նրա հանդեպ կրկնակի էր լցվում խորին հարգանքով ու ակնածանքով: Իր աշխատանքով ու բարոյական կերպարով մեծ գիտնականն ապացուցում էր, որ հանճարն ու համեստությունն անբաժան են», - իր խոսքում ասաց Սարգսյանը:

Երկրի նախագահը նշեց, որ հենց Վիկտոր Համբարձումյանի եւ իր գործընկերների շնորհիվ Հայաստանը դարձավ աստղագիտության առաջատարներից մեկը ոչ միայն նախկին Խորհրդային Միությունում, այլեւ ողջ աշխարհում:

Մրցանակի հանձնմանը նախորդած ասուլիսում մրցանակակիրներից Իգոր Նովիկովը ասաց, որ պատրաստվում է կիսել մրցանակից ստացած գումարը իր հայաստանցի գործընկերների` Բյուրականի աստղադիտարանի գիտնականների հետ` համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք ավելի նպատակահարմար չէր լինի Հայաստանի կառավարության կողմից սահմանված մրցանակային ֆոնդը տալ մեծ ներդրումների կարիք ունեցող Բյուրականի աստղադիտարանին, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արձագանքեց. - «Դուք մոռանում եք, որ գիտությունը համաշխարհային ընդհանուր զարգացման պրոցեսում է գտնվում: Եվ եթե մենք ունենք ավելի շատ կապեր, ապա դա հնարավորություն է տալիս ունենալ ավելի մեծ թվով միջազգային գրանտներ, մասնակցել տարբեր բնույթի ծրագրերի: Եթե ձեր տեղը ոչ ոք չի իմանում, ապա դուք այդ հնարավորությունները չունեք: Այսպիսի միջազգային մրցանակի հիմնադրման կարեւոր խնդիրներից մեկն այն էր, որ մեր գիտությունը հանենք միջազգային ասպարեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG