Մատչելիության հղումներ

Նորաստեղծ շարժումը կաջակցի կարիքավոր սիրիացիներին


Վահան Հովհաննիսյանը եւ Լիլիթ Գալստյանը մամուլի ասուլիսում:
Վահան Հովհաննիսյանը եւ Լիլիթ Գալստյանը մամուլի ասուլիսում:
Հայաստանում նախաձեռնվող «Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը նյութական եւ բարոյական աջակցություն կառաջարկի սիրիացիներին:

«Սա հասարակական նախաձեռնություն է, սա կուսակցական նախաձեռնություն չէ, եւ կուսակցականացնել պետք չէ», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց ՀՅԴ ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը` շարունակելով. - «Բնականաբար, Դաշնակությունը ակտիվագույն դեր է խաղալու, որովհետեւ ամենից ճկուն գործող կառույցները տեղում Դաշնակցությունն ունի: Բայց շատ ակտիվ ներգրավված են նաեւ ուրիշ կազմակերպություններ եւ հատկապես Հայ առաքելական եղեկեցին»:

Բացված բանկային հաշվին Դաշնակցությունն արդեն փոխանցել է մեկ միլիոն դրամ:

«Առաջին ինքնաթիռը բարեգործական, հումանիտար օգնությամբ մոտ օրերս Հայաստանից կգնա դեպի Սիրիա: Հսկայական օգնություն է այս անգամ ցուցաբերել Արցախը», - տեղեկացրեց Հովհաննիսյանը` շեշտելով, որ հայրենակիցների կողքին լինելը հայ ժողովրդի պարտքն է:

«Հիմա Սիրիայի ամբողջ ժողովուրդը եւ հայ ժողովուրդը Սիրիայում բավականին դժվար վիճակի մեջ են, որովհետեւ պատերազմական գործողությունների կիզակետը դարձել է Հալեպը, որտեղ, իհարկե, սարսափելի մեծ բացասական ազդեցություն կա Թուրքիայի կողմից», - նշեց նա:

«Հենց այնպես կոմպլեմենտարության համար չենք ասում` բարեկամական արաբ ժողովրդին, Սիրիայի բնակչությանը», - իր հերթին ասաց Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը` հավելելով, թե օգնությունից կօգտվեն իսկապես կարիքավոր ընտանիքները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կաջակցի արդյոք նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած սիրիահայերին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Առաջնային մտահոգության թիրախ են այսօր նրանք, ովքեր գտնվում են Սիրիայում` պատերազմական գոտում: Այս նախաձեռնությունը ուղղված է նրանց»:

Նախաձեռնությունը բաց է, եւ ամենայն հավանականությամբ արդեն հոկտեմբերին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկազմակերպվի բարեգործական համերգ:
XS
SM
MD
LG