Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է բրիտանացի պետնախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` քննարկվել են հայ - բրիտանական հարաբերությունների օրակարգին եւ հեռանկարին վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը եւ այդ համատեքստում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է հատկապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ներդրումների խթանումը:

Սերժ Սարգսյանը եւ Դեյվիդ Լիդինգտոնը Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցությունը կարեւորել են նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում: Նախագահը նշել է Ասոցիացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման, մարդկանց տեղաշարժի դյուրացման եւ մի շարք այլ ուղղություններով ԵՄ-ի հետ Հայաստանի բանակցություններում զգալի առաջընթացը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին, առկա մտահոգություններին:

Բրիտանացի պետնախարարը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված նշել է, որ իր երկիրը համակարծիք է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի, Եվրամիության եւ Եվրոպական խորհրդարանի հետ, որ մարդասպանին փառաբանելու ցանկացած քայլ անընդունելի է եւ դատապարտելի, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքէջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG