Երեքշաբթի օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բացվում է կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը։
Ավանդույթի համաձայն, առաջինը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նախագահը։ Այս տարվա հունիսի 23-ին այդ պաշտոնում է ընտրվել Սերբիայի նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչը։
Նախագահի ելույթից հետո նախատեսվում է աղոթք, ապա 67-րդ նստաշրջանի մասնակիցները կներկայացնեն իրենց հավատարմագրերը։
Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի վեց առանցքային հաստատություններից մեկն է, մնացած հինգն են Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը, Հոգաբարձության խորհուրդը, Միջազգային դատարանը եւ Քարտուղարությունը։
ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ստեղծված Գլխավոր ասամբլեան կառույցի խորհրդակցական, հրահանգող եւ ներկայացուցչական մարմինն է, որում ներկայացված ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 երկրներն ունեն մեկական ձայն։
Ասամբլեան հարթակ է, որը բազմակողմանի քննարկումների հնարավորություն է տալիս բոլորին, ընդ որում` ոչ միայն անդամ, այլեւ ոչ անդամ երկրներին, ինչպես նաեւ միջազգային խոշոր կազմակերպություններին։
Ասամբլեայի բացումից մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին, մեկնարկում է Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ելույթ են ունենում պետությունների, կառավարությունների ղեկավարները կամ արտգործնախարարները։
Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի օրակարգն արդեն հաստատված է։ Բացման օրը բանախոսների թվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Վրաստանի ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 28-ին ելույթ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ հոկտեմբերի 1-ին` Ընդհանուր բանավեճի վերջին օրը, նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, իհարկե, կխոսեն ղարաբաղյան գործընթացի մասին, եւ, հաշվի առնելով վերջին շաբաթների զարգացումները, Հայաստանի արտգործնախարարը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա նաեւ տխրահռչակ մարդասպան Սաֆարովի արտահանձնման ու Ադրբեջանում նրա հերոսացման վտանգավոր հանգամանքին։
Մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանը

Ասամբլեայի շրջանակներում ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պատվիրակը, կսկսվի մեկ շաբաթ անց։