Մատչելիության հղումներ

«Ռադիկալ». Աղթամարի եկեղեցու խաչը ձուլվել է Լենինի արձանից


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, արխիվ
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, արխիվ
Թուրքական «Ռադիկալ» թերթը «Goodbye Lenin» վերնագրի ներքո անդրադարձել է Վանի Աղթամար կղզու եկեղեցու գմբեթին տեղադրված խաչին։

Հոդվածի համաձայն՝ խաչի ձուլման համար անհրաժեշտ հումքը՝ մետաղը, ստացվել է Հայաստանում Վլադիմիր Լենինի արձանի հալեցումից։ Խորհրդային Միության հիմնադրի արձանը տապալվելուց հետո երկար տարիներ փոշոտվում էր Հայաստանի կառավարական պահեստներում։

Սեպտեմբերի 9-ին վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ անգամ պատարագ մատուցվեց: Թուրքական լրատվամիջոցները հենց այդ ժամանակ զրուցել են եկեղեցու վերականգնման աշխատանքներին մասնակցած ճարտարապետ Զաքար Միլդանօղլուի հետ։ Վերջինիս խոսքով՝ խաչը պատրաստվել է Հայաստանում, ապա տեղափոխվել Թուրքիա, եւ քանի որ Հայաստանում հումքի խնդիր է եղել, խաչի ձուլման համար անհրաժեշտ մետաղը հայթայթելու համար հալեցրել են Սոցիալիստական հեղափոխության առաջնորդ, Խորհրդային Միության հիմնադիր Լենինի արձանը։

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է 2005-2007 թվականներին, այնուհետեւ բացվել է որպես թանգարան։

2010 թվականի սեպտեմբերին՝ առաջին անգամ 95 տարվա ընդմիջումից հետո եկեղեցում պատարագ մատուցվեց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվեց մասնակցել արարողությանը՝ եկեղեցու գմբեթին խաչի բացակայության պատճառով։ Հոկտեմբերին, սակայն, Թուրքիայի կառավարության որոշմամբ խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:

Թուրքիայի իշխանությունները տարին մեկ անգամ թույլ են տալիս կրոնական ծիսակատարություն անցկացնել Սուրբ Խաչ եկեղեցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG