Մատչելիության հղումներ

Արոնյան. Միշտ բարեկամական կապեր ենք ունեցել հունգարացիների հետ


Ֆեյսբուքյան ասուլիս. Լեւոն Արոնյան
please wait

No media source currently available

0:00 0:54:24 0:00
Շախմատի օլիմպիական եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին, ասաց, որ դեռ փոքր տարիքում շախմատ խաղալ սովորել է նախ ծնողներից, ապա քրոջից:

«Ֆեյսբուքի» օգտատերերը Արոնյանի մի շարք քաղաքական բնույթի հարցեր էին ուղղել, օրինակ, որպես ՀՀ քաղաքացի, նախագահական ընտրություններում ո՞ւմ կընտրի կամ ի՞նչ կարծիք ունի «Հարսնաքարի» դեպքերի, Սաֆարովի արտահանձման, երկրում տիրող մի շարք քաղաքական եւ սոցիալական խնդիրների մասին եւ այլն:
Արոնյանն, ի պատասխան այդ բոլոր հարցերի, ասաց, որ ինքը այդքան էլ լավ տեղեկացված չէ քաղաքական հարցերից եւ զբաղվում է միայն իր գործով, հետաքրքրված է շախմատով եւ արվեստով:

«Գիտեմ մի քիչ էդ թեմաներից, բայց քանի որ երկրում չեմ ապրում երկար ժամանակ, ինձ համար շատ դժվար է պատասխանել այդ հարցերին», - ասաց Արոնյանը:

Օգտատերերից մեկի հարցին, թե նախագահից ի՞նչ նվերներ է ստացել, Արոնյանը պատասխանեց, որ դրանք միայն իր հաղթանակից հետո ստացած նվերներն են, որոնց մասին բոլորն էլ տեղյակ են:

Այն հարցին, թե շատ աղջիկներ տխրել են, որ ինքն ընկերուհի ունի, Արոնյանն պատասխանեց, որ իր ընտրությունն արել է դեռ 2007-ին եւ հիմա դժվարանում է այդ թեմայով խոսել, բայց նշեց, որ ընտրյալը հայ չէ, եւ ամուսնության մասին դեռ չեն մտածում:

«Դժվար է դա մեկնաբանել, իմ ընկերուհին Ավստրալիայից է եւ տարբեր ազգերի խառնուրդ է, նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը հոլանդացի եւ իռլանդացի է», - ասաց չեմպիոնը:

Արոնյանի հայրը ֆիզիկոս է, մայրն` ինժեներ, նրանք այժմ բնակվում են Բեռլինում եւ մշակում են իրենց տնամերձ այգին:

Այն հարցին, թե շախմատիստները ինչո՞ւ են քչախոս, Արոնյանը պատասխանեց, որ իրենք ավելի շատ լուռ մտածում են եւ խոսելու ժամանակ չունեն, սակայն նա իրեն սակավախոս չի համարում, ասում է` կարող է ժամերով խոսել երաժշտությունից, գրքերից, նկարչությունից եւ այլն:

Արոնյանն ասաց` կառավարությունից աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում կմերժի այն. - «Շախմատիստները ագրեսիվ քայլեր չեն անում, մեր մոտ շատ դանդաղ է [ամեն ինչ] կատարվում, մինչեւ մենք մի բան փոխենք, ուշ կլինի», - ասաց նա:

Շախմատի օլիմպիական չեմպիոնը ավելի շատ սիրում է սպիտակներով խաղալ, ամենաշատը չի սիրում թագուհուն կորցնել: Նա թիմում առավել մտերիմ է իր մանկության ընկեր Գաբրիել Սարգսյանի հետ:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե եղե՞լ են արդյոք լարվածություն հունգարացիների եւ ադրբեջանցների հետ խաղի ընթացքում:

«Մենք միշտ բարեկամական կապեր ենք ունեցել հունգարացիների հետ: Շախմատիստները իրար այնքան երկար տարիներ գիտեն, որ իրենք էլ են հասկանում եւ պարզ է, որ իրենք էլ են ցավում պետական սխալ պահվածքի համար: Ադրբեջանցիների հետ հարաբերությունները տարբեր են եղել, եղել է, որ շատ մոտ ենք եղել, եղել է, որ տարօրինակ պահվածք ենք տեսել իրենց կողմից, մեզ չեն բարեւել: Մենք հասկանում ենք, որ այդ տղաները վատ տղաներ չեն, լավ մարդիկ են, բայց երեւի թե մարդիկ կան, որոնք նրանց ստիպում են իրենց այդպես պահել», - ասաց Արոնյանը:

Արոնյանը, անդրադառնալով իր համեստության մասին պնդումներին, կեսկատակ, կեսլուրջ ասաց, որ իրականում այդքան էլ չի փայլում համեստությամբ:

«Ես իմ մեջ համոզված եմ, որ շախմատի աշխարհում լավագույն շախմատիստներից եմ, դա արդեն համեստություն չէ: Ես երեւի թե 16-17 տարեկանից եմ այդ նույն թեմայի մասին խոսել», - ասաց Արոնյանը` հավելելով, որ իրավունք չունի հաշվի չառնել մարդկանց գնահատականները, քանի որ, իր կարծիքով, անթերի խաղի դեռ չի հասել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG