Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը աջակցում է որդեկորույս ծնողների նախաձեռնությանը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը աջակցում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողների նախաձեռնությանը եւ պատրաստակամություն է հայտնում անձամբ կամ իր ներկայացուցիչների միջոցով ընդգրկվել նման հանձնաժողովի աշխատանքներում: Այդ մասին ասված է օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրությունում։

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները սեպտեմբերի 10-ին դիմում են հասցեագրել Ազգային ժողովի նախագահին, որով պահանջել են իրենց որդիների մահվան հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավորներից, պատգամավորական վեց խմբակցություններից, ինչպես նաեւ շահագրգիռ անձանցից, ներկայացուցիչներ ներգրավել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Գիտակցելով ընթացիկ գործերով քննությանը միջամտելու օրենսդրական սահմանափակումները, այնուամենայնիվ խաղաղ պայմաններում բանակում մահացած առանձին քրեական գործերի քննության ընթացքում տեղ գտած թերացումների, խախտումների վերաբերյալ դեռեւս կան հիմնավոր մտահոգություններ», - նշում է օմբուդսմենի աշխատակազմը այսօր տարածած հաղորդագրությունում։ - «Պաշտպանը կրկին հաստատում է իր դիրքորոշումը, որ միայն նախկին (նույնիսկ տասնամյա հնության) գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունը եւ վաղվա բռնությունների ու սպանությունների կանխարգելումը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG