Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հյուսիս – Հարավ ավտոմայրուղու շինարարությունը


Հյուսիս - Հարավ մայրուղի շինարարության մեկնարկը Երեւան - Արարատ ճանապարհահատվածում:
Հյուսիս - Հարավ մայրուղի շինարարության մեկնարկը Երեւան - Արարատ ճանապարհահատվածում:
Երեւան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությամբ այսօր տրվեց Հյուսիս - Հարավ ավտոմայրուղի շինարարության պաշտոնական մեկնարկը:

Բետոնյա ծածկույթով արագընթաց մայրուղին, որը կձգվի Հայաստանի եւ Իրանի սահմանից` Մեղրիից մինչեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային Բավրա անցակետը, կունենա 556 կմ երկարություն:

Ըստ 2009 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 962 մլն դոլարից 500 միլիոնը տրամադրելու է Ասիական զարգացմանը բանկը:

«Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի խոսքով, կառուցվելիք մայրուղին կունենա տարածաշրջանային մեծ նշանակություն. - «Այն թույլ կտա Հայաստանը առավել կարճ ճանապարհով կապել ամենամոտ գտնվող տարածաշրջանի նավահանգիստների հետ: Կապահովի Իրանից դեպի վրացական նավահանգիստներ եւ հակառակ ուղղությամբ ամենակարճ երթուղին»:

Արարողությանը մասնակցող Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի համոզմամբ, կառուցվող մայրուղին Հայաստանին տալու է «տնտեսական մեծ հնարավորություններ»` լուծելով «պետական կարեւորագույն հարց»:

Նախարարի խոսքով, կբացվեն հազարից ավելի նոր աշխատատեղեր:

Ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկողությունն իրականացնելու է ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությունը:

Շինարարական աշխատանքները` տեղական հումքով եւ արտասահմանյան գերժամանակակից տեխնիկայով, իրականացնելու է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, որի ղեկավար Դանիել Դոմինգոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ շինարարության եվրոպական որակն ապահովելու նպատակով հայ մասնագետների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ:

Աշխատանքային ժամանակացույցով նախատեսված է 18 ամսում ավարտել Երեւան - Արարատ, նույնպիսի ժամկետում` Երեւան - Աշտարակ հատվածների շինարարությունը: Աշտարակ - Թալին հատվածի շինարարությանը տրված է 36 ամիս:

Մայրուղու շինարարությունը, ըստ ծրագրի, ավարտվելու է 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG