Մատչելիության հղումներ

Չեխիայի հայերը բողոքի ցույց անցկացրեցին


Չեխիայի հայերը բողոքի ցույց են անցկացնում Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ, 8-ը սեպտեմբերի, 2012թ.
Չեխիայի հայերը բողոքի ցույց են անցկացնում Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ, 8-ը սեպտեմբերի, 2012թ.

Պրահայում Հունգարիայի դեսպանատունը արտոնված ցույցի ընթացքում շրջապատված էր Չեխիայի հատուկ նշանակության ոստիկանության ջոկատով։

«Վիկտոր Օրբանը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի խայտառակությունն է», «Հունգարիայի վարչապետն իր երկրի պատիվը ծախել է Ադրբեջանին», «Ալիեւը քաջալերում է մարդասպանին». - այս եւ նմանօրինակ այլ բազմաթիվ կարգախոսներով, պաստառներով, Հայաստանի եւ Չեխիայի պետական դրոշներով, Գուրգեն Մարգարյանի դիմանկարներով սեպտեմբերի 8-ին Չեխիայի հայությունը բողոքի ցույց անցկացրեց Պրահայում Հունգարիայի դեսպանատան մոտ։

Չեխիայի հայ համայնքի ակտիվիստների կազմակերպած այս ցույցին մասնակցեց հարյուրից ավելի մարդ` տարեցներ, երիտասարդներ եւ երեխաներ` ոչ միայն Չեխիայի մայրաքաղաքից, այլեւ երկրի տարբեր քաղաքներից։

Ցուցարարները չեխերեն եւ անգլերեն ընթերցեցին հայության պահանջը` դատապարտել մարդասպան Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան, ապահովել նրա վերադարձը բանտ, որտեղ նա պարտավոր է մինչեւ վերջ կրել իր պատիժը քստմնելի եւ աներեւակայելի հանցանքի համար։

Երիտասարդները վանկարկում էին նաեւ հեգնական կարգախոսներ` «Ուշադրություն` աննախադեպ զեղչ, վաճառվում է մի ամբողջ երկիր, դիմեք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին»։

Պաստառներից մեկին էլ պատկերված էր հանցագործի ծաղրանկարը` խոզի դնչով եւ ականջներով, եւ դրան կից այսպիսի գրություն` «Աշխարհի ամենաթանկ խոզը` 3 միլիարդ դոլար»։

Ցուցարարները ընթերցեցին մի հատված Չեխիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Չեխիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Կարել Շվարցենբերգի մեկնաբանությունից այն մասին, որ Չեխիայի Հանրապետությունն այս կոնկրետ հարցում Հայաստանի կողմից է։

«Սաֆարովը դատապարտված մարդասպան է, տեղի ունեցածը ծաղր է ապրողների, արդարության եւ օրենքի գերակայության նկատմամբ», - սեպտեմբերի 6-ին ասել է Չեխիայի արտգործնախարարը։

Ցուցարարներն իրենց ելույթներում ընդգծեցին, որ հայերը դատապարտում են ոչ թե հունգարացի բարեկամ ժողովրդին, այլ Հունգարիայի կառավարության տմարդի արարքը։

Ցուցարարները դիմեցին Չեխիային` դատապարտելու Եվրամիության անդամ Հունգարիայի քայլը։

«Այս վիճակից միակ ելքը Սաֆարովին բանտ վերադարձնելն է եւ Ղարաբաղի անկախությունը ճանաչելը», - վանկարկում էին հայերը։

Խաղաղ ցույցի ընթացքում որեւէ միջադեպ տեղի չունեցավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG