Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել «հենց այսօր»


«Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանները», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ արձագանքելով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, թե Հայաստանը եւ Թուրքիան պետք է առաջ շարժվեն` նայելով ապագային։

«Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսեւորել քաղաքական կամք», - կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ասել է Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Մենք այդ քաղաքական կամքը դրսեւորել ենք եւ ներկայումս էլ Ձեզ հաստատում ենք, որ պատրաստ ենք հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարեւանի հետ»:

«21-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեզ տեղափոխում է մի քանի դար հետ: Եկեք դուք էլ դրսեւորեք այդ բարի քաղաքական կամքը եւ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարեւոր է, որ մեր այս տեսակետը կիսում են ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ Ռուսաստանը», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

«Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG