Մատչելիության հղումներ

Բանակցություններին խոչընդոտող ցանկացած բան «արդյունավետ չէր լինի»


Կոնգրեսական Դեն Բարթըն
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընը, ով տարածաշրջանային այցով գտնվում է Երեւանում, Հայաստանի նախագահի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկել է Ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին ներում շնորհելուց հետո տարածաշրջանում առաջացած լարվածության հարցը:

Հայաստանյան մի քանի լրագրողների հետ ուրբաթ օրը ունեցած հանդիպման ժամանակ կոնգրեսականը նշեց, թե այդ փաստը շատ հիասթափեցնող էր, եւ ինքն ամբողջությամբ համաձայն է Պետդեպարտամենտի եւ նախագահ Օբամայի հնչեցրած այն հայտարարությունների հետ, որոնցում կատարվածի առնչությամբ ծայրահեղ մտահոգություն է հայտնվում:

«Այդուհանդերձ, կցանկանայի ընդգծել ծայրահեղ կարեւոր մի հանգամանք: Դա այն է, որ խաղաղ բանակցությունները շարունակվում են: Մենք հաստատապես չենք ցանկանում, որ զինված հակամարտությունն այս տարածաշրջանում վերսկսվի, եւ այս առումով շատ երջանիկ եմ, որ սառը դատողությունը հաղթանակեց ու կատարվածին չհաջորդեցին ինչ-որ պատասխաններ», - ասաց ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի նախագահը:

Սաֆարովին վերադարձնելուց եւ ներում շնորհելուց հետո հայաստանյան մի շարք քաղաքական կուսակցություններ, առանձին գործիչներ հանդես եկան Լեռնային Ղարաբաղն անհապաղ ճանաչելու` իշխանություններին ուղղված կոչերով: Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, եթե Հայաստանն, այնուամենայնիվ, գնա այդ քայլին եւ ճանաչի Ղարաբաղը, Բարթընը պատասխանեց. - «Սա շատ բարդ խնդիր է եւ հիմա շատ բարդ ժամանակ է: Ինչպես գիտեք, ղարաբաղյան բանակցություններն ընթանում են շուրջ երկու տասնամյակ, եւ այժմ շատ կարեւոր է, որ դրանք շարունակվեն: Այժմ բանակցություններին խոչընդոտող ցանկացած բան արդյունավետ չէր լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG