Մատչելիության հղումներ

Ռասմուսենը ժամանեց Բաքու


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ երեկոյան ժամանել է Բաքու։

Թրենդ» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` Ռասմուսենը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։

«Հակամարտությունում առաջ շարժվելու միակ ուղին երկխոսությունն է, փոխզիջումը եւ համագործակցությունը», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է փոխանցել Twitter-ի նրա էջը։ - «Ես խորապես մտահոգված եմ սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու` Ադրբեջանի որոշմամբ։ Դա վնաս է հասցնում վստահությանը եւ չի նպաստում խաղաղ գործընթացին»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ` հակամարտությունը չպետք է վերսկսվի։

«Լարվածությունը տարածաշրջանում պետք է նվազեցվի, եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն համագործակցությանը եւ հաշտեցմանը աջակցելու համար։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է, եւ ՆԱՏՕ-ն կշարունակի մնալ Ադրբեջանի կարեւոր գործընկերը», - հայտարարել է Ռասմուսենը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանային է, երեկ նա հանդիպումներ էր ունեցել Երեւանում եւ Թբիլիսիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG