Հայաստանի հավաքականը Եվրոպայի B խմբում է, որտեղ այսօրվա մրցակցից բացի ընդգրկված են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի եւ Բուլղարիայի հավաքականները։
Մարզական մեկնաբանները B խմբի առաջատարն են համարում իտալացիներին, ովքեր 1934, 1938, 1982 եւ 2006 թվականներին աշխարհի չեմպիոն են դարձել, 1968-ին Եվրոպայի առաջնությունում են հաղթել։
Ենթադրվում է, որ լավ խաղ ցույց կտան չեխերը։ Չեխոսլովակիայի հավաքականը 1934 եւ 1962 թվականների աշխարհի առաջնություններում հասել է եզրափակիչ, 1976 թվականին Եվրոպայի չեմպիոն է դարձել։ Իսկ Չեխիայի հավաքականը 1996-ին Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն է գրավել։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում Դանիայի հավաքականի լավագույն արդյունքը 1998 թվականին կիսաեզրափակիչ դուրս գալն էր, իսկ 1995 թվականին Դանիան դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Բուլղարիայի հավաքականը 1994 թվականի աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Մալթան ազդեցիկ արդյունք միջազգային ֆուտբոլում երբեւէ չի արձանագրել եւ համարվում է B խմբի ամենաթույլ թիմը։
Հայաստանի հավաքականի խաղը մասնագետները բավական դրական են գնահատում, հատկապես նշելով թիմի գրանցած տպավորիչ հաղթանակները «Եվրո-2012»-ի ընտրական փուլում։
Այսօր բուլղարացիները մրցելու են իտալացիների հետ, իսկ սեպտեմբերի 11-ին` Հայաստանի թիմի հետ։
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի թիմը Երեւանում խաղալու է աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ։
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի մնացած հանդիպումները տեղի կունենան արդեն 2013-ին. մարտի 26-ին Հայաստանը կընդունի Չեխիային, հունիսի 7-ին կխաղա այսօրվա մրցակից Մալթայի հետ, հունիսի 11-ին Կոպենհագենում ուժերը կչափի դանիացիների հետ։
Գրեթե ճիշտ մեկ տարի հետո` 2013-ի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի թիմը Չեխիայում կխաղա, սեպտեմբերի 10-ին արդեն Երեւանում կհյուրընկալի դանիացիներին, հոկտեմբերի 11-ին` բուլղարացիներին։
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Իտալիայում` հոկտեմբերի 15-ին։
Մալթա - Հայաստան այսօրվա հանդիպման մրցավարներն են Ռենե Այսները, Կլաուս Շտրասերը, Ռիխարդ Հյուբլերը, Գերհարդ Գրյուբելմիկը, բոլորը` Ավստրիայից։
Ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Բրազիլիայում` 2014 թվականի հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 13-ը։
Այսօր Վալետայում կմրցեն Մալթայի եւ Հայաստանի հավաքականները

Աշխարհի տասնյակ երկրներում տեղի կունենան ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումները։