Մատչելիության հղումներ

Ալիեւի որոշումը` «արդարադատության ընթացակարգերի վտանգավոր կիրառում»


Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) համանախագահ Միլան Ցաբրնոխը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ, ով ցմահ ազատազրկման էր դատապարտված հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում 2004 թվականին դաժանորեն սպանելու համար:

Ցաբրնոխը, ով Եվրոպական խորհրդարանի ԵՄ - Հայաստան, ԵՄ - Ադրբեջան եւ ԵՄ - Վրաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների (ԽՀՀ) պատվիրակության ղեկավարն է, ընդգծում է, որ «տարիներ ի վեր, խորհրդարանական երկխոսության միջոցով, իսկ վերջին շրջանում նաեւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, Հանձնաժողովի անդամները կրկնապատկել են իրենց ջանքերը` նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանը»:

«Հանձնաժողովն իր հայ եւ ադրբեջանցի գործընկերներին հստակորեն ներկայացրել է իր մոտեցումները, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը եւ եվրոպական արժեքները պետք է կազմեն եվրոպական ինտեգրման ձգտումների անկյունաքարը: Այս համատեքստում, պարոն Ալիեւի որոշումը պետք է դիտել իբրեւ արդարադատության ընթացակարգերի վտանգավոր եւ սխալ կիրառում», - ընդգծել է եվրոպացի խորհրդարանականը իր հայտարարությունում, որի տեքստը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միլան Ցաբրնոխը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին` ի ցույց դնել իրենց հանձնառությունը վերոնշյալ արժեքներին, եւ մեծապես խրախուսում է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին` շարունակելու ներգրավվածությունը հաշտեցման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG