Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը դրական է գնահատում անցած 5 տարիները


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում կառավարության վերջին հինգ տարվա գործունեությունը:

Ամփոփելով իր պաշտոնավարման տարիների ցուցանիշները՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշեց, որ կառավարությանը վերջին հինգ տարիներին հաջողվել է պահպանել համախառն ներքին արդյունքի տարեկան աճը եւ նույնիսկ այն հասցնել երկնիշ թվի։ Վարչապետի խոսքով, Ղարաբաղը փորձեր է կատարել ինքնաբավ դառնալ պարենային անվտանգության եւ էներգետիկ առումներով, բոլոր ուղղություններում մակրոցուցանիշների մասով պահպանվել է կայուն տնտեսական աճ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Արա Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել աշխատել վերընտրված նախագահի հետ ցանկացած պաշտոնում։

Հաջորդ հինգ տարիներին, վարչապետի կանխատեսումներով, Լեռնային Ղարաբաղի տնտեսության աճը հիմնականում ապահովվելու է հանքարդյունաբերության շնորհիվ:

«Առաջիկա տարիների նոր կառավարության համար հիմնական մուտքերի ապահովող ուղղությունը պետք է լինի հանքարդյունաբերությունը։ Այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները հանքարդյունաբերության զարգացման համար՝ Ծաղկաշեն, Կովսական, Շահումյանի շրջան, աշխատանքներ ենք տանում Զարդարաշեն գյուղի տարածքում եւ որոնողական հետազոտական աշխատանքներ ենք կատարում»։

Վարչապետը, ով չնայած գոհ է կառավարության գործունեությունից, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ կադրային փոփոխություններ կառավարությունում սպասվում են․ - «Ու այդքան էլ քիչ չի լինելու ինչքան ես գիտեմ նախագահի տեսակետները իմանալով»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Արա Հարությունյանը մեկնաբանեց իր հասցեին ուղղված այն դժգոհությունները, թե վարչապետը զբաղվում է անձնական բիզնեսով։ Վարչապետը կարծում է, որ դժգոհություններն այնքան էլ շատ չեն: Մասնագիտությամբ տնտեսագետ Արա Հարությունյանը չի թաքցնում, որ ինքը միշտ էլ եղել է հաջողակ գործարար եւ զարմանում է, երբ այսօր իրեն եւ իր մերձավորներին մեղադրում են հողագործությամբ զբաղվելու համար։ Կառավարության ղեկավարը հիշում է, որ բիզնեսով սկսել է զբաղվել դեռեւս հինգ-վեց տարեկանից՝ սկսելով ճագարաբուծությամբ եւ գյուղատնտեսությամբ:

«Մարդիկ մոռացել են, որ ես մինչեւ վարչապետ նշանակվելը եղել եմ Ղարաբաղի ամենախոշոր գործատուներից մեկը, ամենախոշոր հարկատուներից մեկը, ամենախոշոր հող մշակողներից մեկը։ Այդ հողերը այսօր չեն մշակվում, հակառակը՝ մշակվող տարածքները նվազել են», - հայտարարեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG