Մատչելիության հղումներ

Իրաքը ծրագրում է վերաբացել իր դեսպանատունը Հայաստանում


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը:

Ինչպես փոխանցում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում Իրաքի փոխվարչապետն ասել է, որ իր երկիրը պատրաստ է զարգացնել եւ ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

«Այդ նպատակով առաջին քայլերից մեկը Երեւանում Իրաքի դեսպանատան վերաբացումն է լինելու», - նշել է Ռաուշ Նուրի Շաուեյսը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-իրաքյան հարաբերություններին՝ գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, կրթության եւ գիտության, զբոսաշրջության, արդարադատության բնագավառներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հեռանկարային է համարվել հայկական արտադրատեսակների, մասնավորապես, գյուղմթերքների, հանքային եւ խմելու ջրերի, բնական հյութերի եւ պահածոների արտահանումն Իրաք: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծելու հայ-իրաքյան տնտեսական միջկառավարական հանձնաժողով, որը կձեւավորի երկկողմ համագործակցության ուղղություններն ու կնպաստի համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:

Իրաքի փոխվարչապետին այսօր ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ռաուշ Նուր Շաուեյսը տեղեկացրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում հայ-իրաքյան համագործակցության համապարփակ փաստաթղթի վրա, որի ստորագրումը, նրա խոսքով, նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG