Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական սահմանի ընդհարումը մնում է պատված գաղտնիության քողով


Վրաց հատուկ ջոկատայինները ուղեւորվում են Լոպոտայի կիրճ, որտեղ հատուկ գործողություն է իրականացվում, 29-ը օգոստոսի, 2012թ.
Վրաց հատուկ ջոկատայինները ուղեւորվում են Լոպոտայի կիրճ, որտեղ հատուկ գործողություն է իրականացվում, 29-ը օգոստոսի, 2012թ.

Փորձագետները չեն հավատում պաշտոնական Թբիլիսիի առաջ քաշած վարկածին:

Անցած շաբաթ վրաց - ռուսական սահմանին տեղի ունեցած եւ 14 մարդու կյանք խլած ընդհարումը շարունակում է պատված մնալ գաղտնիության քողով:

Վրացական իշխանությունները շարունակում են լռություն պահպանել` չցանկանալով բացատրել, թե ինչպես է տարբեր երկրներում` այդ թվում Վրաստանում բնակվող չեչեններից կազմված զինված ջոկատը հայտնվել Ռուսաստանի հետ սահմանի անմիջական հարեւանությամբ եւ ինչ նպատակներ էր այն հետապնդում:

Վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն, օրինակ, չի հավատում առաջ քաշված պաշտոնական այն վարկածին, որի համաձայն` զինված չեչենների այս խումբը Դաղստանի տարածքից է անցել Վրաստան:

«Ես կարծում եմ, որ այդ խումբը ոչ թե Դաղստանից էր գալիս Վրաստան, այլ հակառակը` շարժվում էր դեպի Դաղստան: Ընդհանուր առմամբ, այժմ հստակ որեւէ բան ասելը շատ դժվար է, սակայն տպավորություն է ստեղծվում, որ զինված այդ խումբը մեկ այլ խնդրի լուծման համար էր հավաքագրվել: Սակայն իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ նախատեսվում էր մի բան, բայց, ի վերջո, միանգամայն այլ իրավիճակ ստեղծվեց», - նշում է վրաց փորձագետը:

Հյուսիսային Կովկասում եւս համոզված են, որ պաշտոնական Թբիլիսին գործի հանգամանքներն ամբողջությամբ չի հրապարակում:

Կովկասի ժողովուրդների համադաշնության ղեկավար Զաալ Կասրելիշվիլին համոզված է, որ զինված խմբի ի հայտ գալը հենց Դաղստանին սահմանակից Լոպոտայի կիրճում պատահականություն լինել չէր կարող:

«Մենք` փորձագետներս, չենք հավատում [վրացական] կառավարության առաջ քաշած այն վարկածին, որի համաձայն` զինյալների խումբը սխալմամբ էր հայտնվել Վրաստանի տարածքում: Հնարավոր է մոլորվել եւ հարակից պետության տարածքում խորանալ մեկ կամ երկու, բայց ոչ` 25 կիլոմետր», - նշում է Կովկասի ժողովուրդների համադաշնության ղեկավարը:

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Անդրեյ Բաբիցկին, որը լուսաբանել է չեչենական երկու պատերազմներն ու քաջատեղյակ է Հյուսիսային Կովկասի իսլամիստական ընդհատակի ու Վրաստանի հարաբերություններին, նշում է. - «Ամենալուրջ հարցերն ի հայտ են գալիս, երբ ուսումնասիրում ես այդ 11 զինյալների մահվան հանգամանքները: Իմանալով չեչեն զինյալների մարտունակության աստիճանը, ինչպես նաեւ այն տեղանքը, որում տեղի էր ունեցել այս բախումը, կարելի էր ենթադրել, որ վրաց զինծառայողները պետք է շատ ավելի լուրջ կորուստներ ունենային: Այս ամենն ինձ համար անհասկանալի է եւ ստիպում է մտածել, որ այդ խմբին սպանել են ուխտադրուժ կերպով: Նրանք, ըստ ամենայնի, որեւէ հարձակում չէին սպասում, եւ վերջին պահին այդ զինյալներին պարզապես գնդակահարել են»:

Մինչ օրս, սակայն, փորձագետներից եւ ոչ մեկը չի կարողանում գտնել գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչը ստիպեց վրացական իշխանություններին ոչնչացնել չեչեն զինյալների խմբին` նրանց զինաթափելու կամ գերեվարելու փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG