Մատչելիության հղումներ

Քոչարյանը Ադրբեջանի գործողությունները որակում է «հայատյացության չկշռադատված դրսեւորում»


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ադրբեջանական իշխանությունների վերջին օրերի գործողությունները որակվում են որպես «այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսեւորում»։

«Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում եւ «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձեւավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որեւէ ձեւով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը», - ասված է հայտարարությունում, - «Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է»:

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը նաեւ արձանագրում է․ - «Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»:

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ հայրենիք ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG