Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունը Բաքվում ԱՊՀ-ի հանդիպմանը չի մասնակցի


Հայաստանի ոստիկանությունը եւս իր վերաբերմունքն է արտահայտել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար 2004 թվականի փետրվարի 19-ին ձերբակալված եւ ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին այս տարվա օգոստոսի 31-ին Ադրբեջանին արտահանձնելու, ապա եւ Ադրբեջանի նախագահի կողմից ոճրագործին անհապաղ ներում շնորհելու առնչությամբ։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՊՀ-ի ներքին գործերի նախարարների խորհրդի` Բաքվում կայանալիք նիստի մասնակիցներին հասցեագրված ուղերձում, մասնավորապես, ասվում է. - «Ինչպես գիտեք, Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքի ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած պահին կացնով սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվել է Ադրբեջանին, եւ նրան անհապաղ ներում է շնորհվել Ադրբեջանի նախագահի կողմից: ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարությունները կոչված են պայքարելու հանցավորության բոլոր դրսեւորումների դեմ, այն դեպքում, երբ պետությունը, որի տարածքում տեղի է ունենալու ՆԳ նախարարների խորհրդի նիստը, խրախուսում է աղաղակող հանցագործությունը: Այսպիսով, հանցավորության հակազդման հարցերի քննարկումը Ադրբեջանի տարածքում, բարոյական առուով, համարում ենք անհնարին»:

Ուղերձում նշվում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը չի մասնակցի Բաքվում կայանալիք համաժողովին, իսկ Հայաստանի ոստիկանության պետը ԱՊՀ-ի ՆԳ նախարարների խորհրդի նախագահի իր լիազորությունները պատվիրակում է Ռուսաստանի ՆԳ նախարարին:

Հայաստանի ոստիկանության հաջորդ քայլով հետ են կանչվել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ Բուդապեշտի իրավապահ մարմինների միջազգային ակադեմիայում վերապատրաստում անցնող ոստիկանության 10 ծառայողներ:

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին հղած ուղերձում ասվում է. - «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձր է գնահատում հայ ոստիկանների վերապատրաստման նպատակով տարբեր թեմաներով պարբերաբար դասընթացներ կազմակերպելու Ձեր ջանքերը, որոնք նպաստում են նրանց մասնագիտական կատարելագործմանը եւ գիտելիքների խորացմանը: Սակայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը ստեղծված իրավիճակում չի կարող մնալ մի երկրի տարածքում, որը հրաժարվել է արդարադատությունից եւ գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը մոտակա օրերին կլքի Բուդապեշտը եւ կվերադառնա Հայաստան: Կարծում եմ` ԱՄՆ կառավարությունն ըմբռնումով կմոտենա մեր քայլին, առավել եւս, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ իր մտահոգությունն է հայտնել Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG