Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂ անկախության տոնի առթիվ


Զորահանդես Ստեփանակերտում, 9-ը մայիսի, 2012թ.
Զորահանդես Ստեփանակերտում, 9-ը մայիսի, 2012թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի նախագահն իր ուղերձում փաստել է՝ « Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է՝ զարգացող եւ ժողովրդավար: Սա տեսնում է ամբողջ աշխարհը, նույնիսկ նրանք, ում դա այնքան էլ դուր չի գալիս»:

«1991 թվականին, երբ Արցախի ժողովուրդն իր պատմական որոշումն էր ընդունում, մենք ասում էինք Ադրբեջանին, որ հայությանը այդ աստիճան թերագնահատել չի կարելի: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ չենք ուզում պատերազմ, բայց պատրաստ ենք եւ կռվելու ենք: Մեզ չլսեցին: Մենք ասում էինք, որ հակահայ մոլագարներից, սադիստներից եւ մարդասպաններից մենք չենք վախենում, մենք դա արդեն անցել ենք: Մեզ չլսեցին: Եվ սանձազերծեցին պատերազմ, որն ուներ հստակ նպատակ՝ բնաջնջել հայությանն առնվազն Արցախի տարածքում կամ նվազագույնը բռնագաղթեցնել արցախահայությանը: Էթնիկ զտում իրականացնելու ծրագրերը տապալվեցին, ինչպես տապալվելու են բոլոր նորերը», - նշել է Սերժ Սարգսյանը, - «Այսօր մենք նույնն ենք ասում. չի կարելի թերագնահատել հայությանը, մենք չենք ուզում պատերազմ, բայց այն մեզ պարտադրելու դեպքում կռվելու ենք եւ հաղթելու, մենք չենք վախենում մարդասպաններից, եթե նույնիսկ նրանք վայելում են առաջին դեմքի բարձր հովանավորությունը: Բայց մեզ էլի չեն լսում: Մեղքը իրենց վիզը»:

Անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից, որտեղ նա կրում է պատիժը՝ ցմահ ազատազրկումը, Ադրբեջան վերադարձնելու եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու փաստին, Հայաստանի նախագահը, դա գնահատելով Եվրոպական արդարադատության վարկաբեկում, մասնավորապես, ասել է. - «Վերջին օրերին մենք վկան եղանք սահմռկեցուցիչ իրադարձության: Քնած վիճակում հայ սպային կացնահարողը ազատ արձակվեց: Այս առթիվ մենք ակնկալում ենք միջազգային կառույցների, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը: Բայց անկախ այդ արձագանքից, Արցախի ժողովրդի եւ ողջ հայության անունից ես ուզում եմ հարց տալ. արդյո՞ք, այսքանից հետո մոլորակի վրա կգտնվի մեկ մարդ, ով կառաջարկի Արցախի ժողովրդին մտնել Ադրբեջանի կազմի մեջ, մի երկրի, որտեղ ապօրինի հրամանագրերով ազատվում ու հասարակայնորեն հերոսացվում է միայն հայ լինելու համար մարդուն սպանող յուրաքանչյուր տականք»:

Եզրափակելով իր ուղերձը, Հայաստանի նախագահը նշել է. - «Սիրելի՛ հայրենակիցներ, ցավոք, Արցախի պատմությունը նվաճողների, բաշիբոզուկների պակաս չունի: Մենք դա գիտենք, գիտենք նաեւ նրանց ուղարկել իրենց արժանի տեղը՝ պատմության աղբանոց: Մենք դա պարբերաբար արել ենք. պետք լինի էլի՛ ենք անելու»: - «Մենք գրեթե ամեն օր, իսկ վերջին օրերին՝ հատկապես, նորանոր ապացույցներ ենք ստանում այն իրողության, թե 21 տարի առաջ որքան ճիշտ էր Արցախի ժողովրդի ընտրությունը: Մենք նորանոր ապացույցներ ենք ստանում, թե ինչից է փրկվել արցախահայությունը: Այսօր մեծ օր է, եւ ոչինչ չի կարող փչացնել մեր փառապանծ տոնը: Խաղաղություն ու շենություն եմ մաղթում ձեր ընտանիքներին: Կեցցե՛ ազատ Արցախը, որ մարմնավորումն է հայոց արժանապատվության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG