Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը ընդունել է Հայաստանի արտգործնախարարին


Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին Մահմուդ Ահմադինեժադը հիշել է անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորել Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորել են երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG