Մատչելիության հղումներ

Դամասկոսում սպանված հայերի դիերը դուրս են բերվել հակամարտության տարածքից


Դամասկոսի արվարձաններից մեկը, 28-ը օգոստոսի, 2012
Դամասկոսի արվարձաններից մեկը, 28-ը օգոստոսի, 2012
Ուրբաթ վաղ առավոտյան Կարմիր Մահիկի ջանքերով հաջողվել է հակամարտության տարածքից դուրս բերել օրեր առաջ Սիրիայի մայրաքաղաքում սպանված Մաթոսյանների դիակները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Օգոստոսի 28-ին Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ հանգամանքներում երեք հայեր էին սպանվել` 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, նրա որդին` 22-ամյա Լեւոն Մաթոսյանը եւ 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը, ովքեր Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալներ էին: Սիրիական հակամարտության ընթացքում զոհվել է 14 հայ:

Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի առաջնորդարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դիակները տեղափոխել են նրանց ընտանիքներ, դեռեւս պարզ չէ նրանց հուղարկավորության օրը:

Կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի պատրիարքական փոխանորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաությանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ զոհված հայ տղամարդիկ, ըստ ամենայնի, չեն մասնակցել հակամարտությանը, այլ սպանվել են պատահականորեն քաղաքից քիչ հեռու հատվածում: Եպիսկոպոսը կարծում է, որ նրանց սպանությունը ուղղված չէ հայկական համայնքին:

«Հայերու դեմ բան մը չկա: Ասոնք առաքելական են, փողոցի մը մեջ էին, որ քիչ մը քաղաքեն հեռու է, բայց հայերու դեմ բան մը չկա ուղղակի: Այս երեք զարնվածները ոչ թե իբրեւ հայ մեռան, այլ անորոշ կերպով սպանվեցան: Չես գիտեր` ով որուն դեմ զենքը կպարպե», - ասաց Առնաությանը:

Հայ համայնքի նկատմամբ ապստամբների դրական վերաբերմունքի մասին խոսելիս` եպիսկոպոսը վկայակոչում է անցած շաբաթ Սիրիայի ընդդիմադիրների հայտարարությունը, ըստ որի նրանք քրիստոնյաների, այդ թվում եւ հայերի դեմ ոչինչ չունեն:

«Բարեբախտաբար, քրիստոնյաներու մասին բան մի չկա, Սիրիական ազատ բանակի հրամանատարը ըսած է, որ հայերու հետ հարաբերությունը շատ լավ է», - ասաց եպիսկոպոսը:

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե հայեր կան, ովքեր զինված են ու պաշտպանում են հայկական թաղամասերը, Առնաությանը պատասխանեց, որ դրանք ընդամենը փոքր ջոկատներ են, եւ որ ինչպես Հալեպում, այնպես էլ Դամասկոսում իսկապես կան զինված հայեր, բայց, ինչպես Կաթողիկե, այնպես էլ Հայ Առաքելական եկեղեցին չեն խրախուսում զենք կրելն ու հակամարտությանը խառնվելը:

«Ոչ ալ կառավարությունը մեզմե խնդրած է, որ զինենք մարդկանց», - ընդգծեց նա:

Կաթողիկե եկեղեցու առաջնորդը, անդրադառնալով հայկական համայնքի վիճակին, նշեց, որ Դամասկոսում, ի տարբերություն այլ բնակավայրերի, իրավիճակը համեմատաբար հանդարտ է: Բայց ամեն օր էլ լսելի են կրակոցների ու պայթյունների ձայները: Խաղաղ բնակիչները փողոց զգուշությամբ են դուրս գալիս: Առնաությանն ասում է` Դամասկոսի հայերը կրում են տնտեսական դժվարություններ, բայց սովի մատնված չեն, տարբեր կառույցներ օգնում են հայկական համայնքին: Մինչդեռ Երեւան եկած սիրիահայերն ասում են, որ Սիրիայում տնտեսական իրավիճակը վատ է, պարենի խնդիր կա, եւ շատերը չեն կարողանում հաց հայթայթել:

«Սով չկա», - պնդում է եպիսկոպոսը` հավելելով, որ սիրիահայությունը կազմակերպված համայնք է, ինքն է տերը իր հայտարարությունների եւ չի ուզում գաղթել: Ըստ նրա` շատերը հեռանում են ժամանակավորապես անվտանգության նկատառումներից, բայց մեծ թիվ չեն կազմում:

«Դամասկոսի [հոգեւոր] առաջնորդները, Հալեպի առաջնորդները հստակ կերպով ըսած են, որ սուրիահայությունը հնուց ի վեր կազմակերպված է համայնքն է, մենք իրենց թիկունք կհանդիսանանք, թող չվախնան եւ թող չփախչեն, որովհետեւ մի քանի թերթեր գրած են, որ Ղարաբաղ կամ Ջավախք թող երթան: Արամ կաթողիկոսը իրենց ըսած է, որ սուրիահայությունը ինքը տեր է իր հայտարարություններին, ուրիշները թող չխառնվին իր ներքին հարցերու մեջ», - ասաց եպիսկոպոսը:

Սիրիայի քրիստոնյա համայնքների առաջնորդներն անցած շաբաթ հայտարարություն էին տարածել` ասելով, որ իրենք հրաժարվում են գաղթից ու Սիրիայում հակամարտող կողմերին խաղաղության կոչ են անում: Միջազգային լրատվամիջոցները, սակայն, անընդհատ տեղեկացնում են Սիրիայի տարածքը լքող հազարավոր փախստականների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG