Մատչելիության հղումներ

Բրիտանական նոր սերիալը` մահմեդականների դժգոհության պատճառ


Կադր «Քաղաքացի Խանը» սերիալից
Կադր «Քաղաքացի Խանը» սերիալից
Բրիտանիայում բնակվող պակիստանցիների մի ընտանիքի մասին պատմող «Քաղաքացի Խանը» հումորային նոր հեռուստանովելի պրեմիերայից հետո BBC1 հեռուստաընկերությունը հեղեղել է բողոքների տարափը։

200-ից ավելի հեռուստադիտողներ հայտնել են իրենց դժգոհությունը, թե նոր սերիալը ծաղրում է իսլամը, վիրավորում է մահմեդականներին, խորացնում է նրանց վերաբերյալ տարածված կարծրատիպերը, բացի այդ` ցուցադրված դրվագում անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի նկատմամբ։

Ամենամեծ դժգոհությունը հարուցել է այն տեսարանը, որտեղ գլխավոր հերոսի՝ պարոն Խանի կրտսեր դուստրը, ում դեմքը հաստ շպարի տակ դժվար է նշմարվում, հոր ներկայությամբ բարեպաշտ է ձեւանում. երբ հայրը սենյակ է մտնում, նա արագ ծածկում է գլուխը եւ ձեւացնում, թե Ղուրան է կարդում եւ աղոթում, մինչդեռ ծնողների աչքից հեռու զբոսնում է գլխաբաց՝ ժամանակ անցկացնելով ակումբներում։

Քննադատներն ու մամուլը եւս տպավորված չեն սերիալով, հիմնական փաստարկն այն է, որ սերիալը որեւէ նորություն չի բերում, այլ ծամծմում է Բրիտանիայի մահմեդականների մասին ձեւավորված հայտնի կարծրատիպերը՝ դրանք համեմելով հին ու նոր կատակներով։

Չնայած այս քննադատությանը՝ BBC-ն տպավորիչ է համարում դիտողների թիվը, օգոստոսի 27-ի երեկոյան հեռարձակված կես ժամանոց դրվագը դիտել է 3.5 միլիոն մարդ։

Ֆիլմի գլխավոր հերոսը Մեծ Բրիտանիայում ապրող պակիստանցի է, ով ինքն իրեն համայնքի առաջնորդ է հռչակել, սեփական կարեւորության մասին չափազանցված պակտերացում ունի եւ մեծ պատրանքներ` համայնքում եւ բիզնեսում ունեցած իր դիրքի մասին:

Ու չնայած այս պատկերացումներին՝ ընտանիքի գլուխը իրականում Խանի կինն է:
Տիկին Խանը նաեւ հյուրասենյակի բազմոցը մշտապես ծածկած է պահում պոլիէթիլենի շերտով, որպեսզի այն չփչանա։

Խանի երկու դուստրերը եւս ներկայացնում են հասարակության մեջ ձեւավորված հիմնական կարծրատիպերը. մեկը սեւեռված է ամուսնության վրա եւ ողջ օրը երազում է հեքիաթային հարսանիքի մասին, իսկ մյուսը երկակի կյանք է վարում՝ բարեպաշտի քողի տակ:

Սերիալի հեղինակը՝ պակիստանյան ծագում ունեցող Ադիլ Ռեյը, ով նաեւ խաղում է գլխավոր հերոսի՝ Խանի դերը, մամուլի էջերում կարծիք է հայտնում, թե սա սեփական թերությունների վրա ծիծաղելու լավ հնարավորություն է։

Նա պատմում է, որ կերպարները հավաքական են, դրանք ստեղծել է` տարիներ շարունակ իր ծանոթների եւ բարեկամների վարքուբարքն ուսումնասիրելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG