Մատչելիության հղումներ

Ստամբուլում մեկնարկում է շախմատի 40-րդ Օլիմպիադան


Շախմատի Օլիմպիադային մասնակցող Հայաստանի թիմը, Ստամբուլ, 27-ը օգոստոսի, 2012թ.
Շախմատի Օլիմպիադային մասնակցող Հայաստանի թիմը, Ստամբուլ, 27-ը օգոստոսի, 2012թ.

Թուրքիայի ամենախոշոր քաղաքում մեկնարկում է շախմատի Օլիմպիադան, որը համարվում է աշխարհում այդ մարզաձեւի ամենահեղինակավոր թիմային առաջնությունը։

Թուրքերը Ստամբուլի Օլիմպիադայի անցկացման համար տրամադրել են WOW Hotel 5-աստղանի հյուրանոցը, որտեղ երեկ տեղի է ունեցել ե՛ւ հանդիսավոր բացումը, ե՛ւ թիմերի ավագների հանդիպումը։

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Օլիմպիադայի առաջատար թիմերն են համարվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Հունգարիայի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հավաքականները։

Հայաստանի Եռագույնի ներքո Ստամբուլում տղամարդկանց մրցաշարում ելույթ կունենան գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը։

Կանանց թիմի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը։

Հայաստանի տղամարդկանց թիմը Օլիմպիադայի չեմպիոն է դարձել 2006 եւ 2008 թվականներին, սակայն 2010-ին միայն 7-րդ հորիզոնականն է գրավել։

The Armenian Weekly հանդեսի փոխանցմամբ, հայազգի շախմատիստներ կան նաեւ ուրիշ երկրների հավաքականներում` Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի թիմից է, Սեւակ Մխիթարյանը` Բրազիլիայից, իսկ կանանց մրցաշարում Կանադայի հավաքականում հանդես է գալիս Նատալյա Խուդգարյանը։

Շախմատի տան փոխտնօրեն Վրեժ Օրդյանը միանգամայն իրատեսական է համարում, որ Հայաստանի ընտրանին երրորդ անգամ չեմպիոնի կոչումով կվերադառնա Օլիմպիադայից:

«Մեր հավաքականը միշտ հաջողությունների է հասել հատկապես իր թիմային բարձր ոգու, թիմային խաղի շնորհիվ, եւ կարծում եմ, որ այս հատկանիշներով մեր հավաքականը դառնում է լրջագույն հավակնորդը ոսկե մեդալի համար տարվող պայքարում», - ասաց Օրդյանը:

Շախմատի 40-րդ Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 10-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG