Մատչելիության հղումներ

«Իրանի միջուկային ռումբը համաշխարհային սպառնալիք կլինի»


Սենատոր Ջոզեֆ Լիբերմանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 26-ը օգոստոսի, 2012թ.
Սենատոր Ջոզեֆ Լիբերմանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, Պրահա, 26-ը օգոստոսի, 2012թ.

Ամերիկացի սենատոր Ջոզեֆ Լիբերմանի համոզմամբ` Իրանը ունի ատոմային ռումբ ստեղծելու համար հարստացված ուրանի անհրաժեշտ քանակություն։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության` «Ֆարդա»-ի հարցերին, ամերիկացի սենատոր Ջոզեֆ Լիբերմանն ասել է, որ աջակցում է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս քաղաքականությանը։

«Ես հավանություն եմ տալիս այդ մոտեցմանը, մենք համոզված ենք, որ արդեն ակնհայտ է, ընդ որում` ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ՄԱԿ-ի գործակալությունների տեսակետից, որ Իրանի վարչակարգը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել», - ասել է սենատորն ու ավելացրել. - «Եվ եթե դա հաջողվի, ապա այդ զենքը սպառնալիք կլինի ամբողջ տարածաշրջանի, ամբողջ աշխարհի համար»։

Լիբերմանի փոխանցմամբ, Իրանի` միջուկային տերություն դառնալու հեռանկարը սարսափով են ընկալում ոչ միայն Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում, այլեւ արաբական աշխարհում եւ Եվրոպայում։

«Մենք հուսով էինք, որ պատժամիջոցները կհարվածեն Իրանի տնտեսությանը, գուցեեւ ժողովրդին կստիպեն ճնշում բանեցնել վարչակարգի վրա եւ պահանջել, որ իշխանությունները հրաժարվեն միջուկային ռազմական ծրագրից, սակայն, դժբախտաբար, դա տեղի չի ունեցել, մենք չենք հասել մեր ուզած արդյունքին», - ասել է ամերիկացի սենատորը։

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը զենքի ստեղծում չի նախատեսում։

Մինչդեռ, Ջո Լիբերմանի խոսքերով, փորձագետների մեծ մասը համոզված է, որ Իրանը արդեն ունի առնվազն հինգ փոքր ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ քանակությամբ հարստացված ուրան։

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Լիբերմանն ասել է, որ պատժամիջոցների անարդյունավետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարող է դրդել ավելի վճռական միջոցների։

«Այսպիսով, մենք հասել ենք մի հանգրվանի, երբ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ այլ երկրների համար մնում է գործելու ընդամենը երկու տարբերակ. կամ նստել ու սպասել, որ Իրանը դառնա միջուկային տերություն, սկսի սպառնալ տարածաշրջանին, ինչը կխթանի միջուկային սպառազենի մրցավազքը Մերձավոր Արեւելքում, կամ էլ դիմել ռազմական գործողության, որը կհետաձգի կամ կոչնչացնի Իրանի միջուկային ծրագիրը», - ասել է սենատորը։

Լիբերմանն ընդգծել է, որ ի վերջո Իրանի ղեկավարությանն է վերապահված ճիշտ որոշում կայացնելու եւ միջազգային համայնքի հետ բանակցելու իրավունքը։

«Եթե դրսից գործադրվի ռազմական տարբերակը, դա տեղի կունենա միայն այն պատճառով, որ Թեհրանի կառավարությունը այլընտրանք չի թողնի, հուսով եմ, որ դրան չի հասնի», - ասել է սենատորը։

Անկախ սենատոր Ջոզեֆ Լիբերմանի խոսքերով` թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները եւ թե՛ Ամերիկայի ժողովուրդը ցանկանում են խաղաղություն Իրանի հետ, սակայն քանի դեռ Իրանը չի արձագանքում, չի հրաժարվում միջուկային զենք ստեղծելու գաղափարից` ամերիկյան ռազմական գործողության հնարավորությունը մեծ է մնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG