Մատչելիության հղումներ

Թուրքիան «պատրաստ է միջնորդական դեր ստանձնել» ԼՂ կարգավորման գործում


Թուրքիան պատրաստ է միջնորդական դեր ստանձնել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Թուքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Մենք պատրաստ ենք Ստամբուլում բանակցություններ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կուզեինք նաեւ, որ Սիրիայի շուրջ բանակցությունները եւս ընթանային Թուրքիայի տարածքում», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դավութօղլուն:

Ի պատասխան այս հայտարարությանը՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ին ասել է. - «Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության եւ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման: Խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը եւ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG