Մատչելիության հղումներ

Շարմազանովը պատասխանել է Դավութօղլուի քննադատությանը


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է նախօրեին Բիշկեկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի վերաբերյալ քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Դավութօղլուն մասնավորապես ասել է. - «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիային պետք է վերջ դրվի, քանի որ այն մեծ խոչընդոտ է Հարավային Կովկասի զարգացման համար»:

Ի պատասխան թուրք դիվանագետի հայտարարությանը՝ Շարմազանովն ասել է. - «Թուրքիայի քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ պարբերաբար առաջնորդվում են գեբելսյան քարոզչության սկզբունքով, այն է` եթե ասես բավական մեծ սուտ եւ այն կրկնես, մարդիկ արդյունքում կհավատան դրան: Ի գիտություն թուրք դիվանագետի` նշեմ, որ Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտ հանդիսանում են հենց Թուրքիան եւ Ադրբեջանը: Առաջինը շուրջ երկու տասնամյակ շրջափակման մեջ է պահում Հայաստանի Հանրապետությանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն եւ մերժում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, իսկ երկրորդն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԼՂ խաղաղ բանակցություններին միտված ջանքերը` շարունակելով օկուպացրած պահել ԼՂՀ որոշ տարածքներ: Եթե թուրք պաշտոնյան իսկապես այդքան մտահոգ է Հարավային Կովկասի զարգացման խոչընդոտմամբ, ապա արդարացի կլինի` կոչ անի, որ իր երկիրը կատարի իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, դադարեցնի փակ պահել Եվրոպայի միակ փակ սահմանը եւ չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG