Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այսօրվանից պաշտոնապես անդամակցեց ԱՀԿ-ին


Շվեյցարիա – ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամին (աջից) հայտարարում է Ռուսաստանի անդամակցությանը հավանություն տալու որոշման մասին, Ժնեւ, 16-ը դեկտեմբերի, 2011թ․
Շվեյցարիա – ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Լամին (աջից) հայտարարում է Ռուսաստանի անդամակցությանը հավանություն տալու որոշման մասին, Ժնեւ, 16-ը դեկտեմբերի, 2011թ․
Ռեկորդային՝ 19 տարի ձգված բանակցություններից հետո Ռուսաստանն այսօրվանից պաշտոնապես անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը։

Անդամակցության գործընթացը աննախադեպ երկար էր, սակայն ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ՝ ոչ անարդյունավետ։ Տնտեսագետները միաբերան հայտարարում են, թե Առեւտրի համաշխարհային կազմակերպության առաջարկած վերջնական պայմանները Ռուսաստանի համար, ըստ էության, շահավետ են։ Փորձագետների գնահատմամբ՝ միջին ռուսաստանցի սպառողն ամենամոտ ապագայում կզգա դրա ազդեցությունն իր կյանքում. արեւմտյան տարբեր ցանցեր մուտք կգործեն Ռուսաստան, դրա արդյունքում ապրանքների գների նվազեցում կնկատվի, արեւմտյան ու ռուսական արտադրողների միջեւ մրցակցություն կստեղծվի, իսկ դրանից միայն ռուսաստանցի սպառողը կշահի, համոզված են նրանք։ Իսկ արտահանման դեպքում՝ գների աճ կնկատվի։

Մեզ, մասնավորապես, գազի գինն է հետաքրքրում, քանի որ ԱՀԿ-ի կանոններից է նաեւ գործընկերների նկատմամբ համահավասար քաղաքականության սահմանումը, իսկ այսօր Ռուսաստանը Հայաստանին գազն ավելի էժան գնով է վաճառում, քան եվրոպական երկրներին։

Բելառուս իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է, թե Առեւտրի համաշխահային կազմակերպության անդամ դառնալիս Ռուսաստանն այնպես է իր դիրքորոշումը ձեւակերպել, որպեզի նախեւառաջ իր տնտեսական շահերն ապահովի, երկրորդ՝ առավելագույնս պաշտպանի իր մերձավոր գործընկերներին։ Մեդվեդեւը նաեւ հայտարարել է, թե որեւէ հակասություն չկա ԱՀԿ-ի եւ մաքսային միության անդամակցության միջեւ։

Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից հիմնված մաքսային միության անդամ չէ, չի էլ շտապում դառնալ։

Տնտեսագետ, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոպյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս առիթով ասաց՝ գազի գնի վերանայման հարցը կախված է նաեւ նրանից, թե Ռուսաստանն ինչ արտոնություններով է անդամակցել կազմակերպությանը։ Դրանց մասին դեռ չի խոսվում, իսկ եթե անգամ Ռուսաստանը գազը թանկացնի, տնտեսագետը համոզված է՝ ցանկության դեպքում, հայաստանցի սպառողը կարող է չզգալ դա։ Կառավարությունը կարող է թույլ չտալ «Հայռուսգազարդ»-ին ցածր գնով գնել գազը՝ երկու անգամ ավելի բարձր գնով վաճառել սպառողին։

Ամեն դեպքում, ըստ Մեսրոպյանի՝ «ամեն ինչ կանեն, որ մինչեւ նախագահական ընտրությունները թանկացումները չլինեն»։

Այնինչ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը «Ազատության» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությունը գազի գնի թանկացման պատճառ չի դառնա։

«Հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի մերձեցված եւ լայն են, քան Առեւտրի միջազգային կազմակերպությանը Ռուսաստանի կամ Հայաստանի անդամակցության ներքո նրանց հարաբերությունները։ Այնպես որ գազի գնի հետ կապված խնդիրները լուծվելու են լոկ երկուստեք պայմանավորվածության հիման վրա, ոչ թե միջազգային որեւէ կառույցի, այդ թվում Առեւտրի միջազգային կազմակերպության տիրույթում», - կարծիք հայտնեց նախկին վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG