Մատչելիության հղումներ

Վանաձորի գործող քաղաքապետը դեռ «անելիքներ ունի»


Վանաձորի գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանը, ով իր թեկնածությունն է առաջադրել սեպտեմբերի 9-ին Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը դեռեւս կիսատ թողած գործեր ունի, որոնք պետք է ավարտին հասցնի առաջիկա տարիներին։

«Ես անելիքներ ունեմ, այդ իսկ պատճառով առաջադրվել եմ։ Նրանք, ովքեր իրենց իրավունք են վերապահել, իրենց մեջ ուժ են գտել, որ կարող են դառնալ քաղաքապետի թեկնածու, ես նրանց 4-ին էլ հավասարապես գնահատում եմ, որ կարող են դառնալ քաղաքապետ, իհարկե, եթե վանաձորցին նրան ընտրի», - նշեց գործող քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար, բացի գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանից, առաջադրվել են եւս չորս թեկնածուներ՝ անկուսակցական, ինքաառաջադրված Տիգրան Գրիգորյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Էդիկ Կարախանյանը, անկուսակցական, ինքաառաջադրված Կարեն Թումանյանը եւ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը ներկայացնող, ինքնաառաջադրված Տարոն Ապրեսյանը։

Իր մրցակից երիտասարդ թեկնածուների մասին խոսելիս գործող քաղաքապետն ասաց, որ ինքը եւս բավականին երիտասարդ է, բացի այդ, ի տարբերություն մյուս թեկնածուների, տարիների մեծ փորձ ունի։

«Ես 53 տարեկան եմ եւ բավականին երիտասարդ եմ։ Ավելի շատ ուժ, ավյուն, նաեւ փորձ ունեմ աշխատելու։ Շատ եմ կարեւորում մարդու անցած ճանապարհը, ունեցած փորձը, նաեւ մինչեւ որեւէ պաշտոնի հասնելը կատարած աշխատանքները», - ասաց Սամվել Դարբինյանը։

Նշենք, որ Դարբինյանը ղեկավարում է համայնքը 1999 թվականից ի վեր։

«Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի տնօրեն, անկուսակցական Կարեն Թումանյանն էլ համոզված է, որ սերնդափոխությունը դրական փոփոխություններ կբերի։

«Բոլոր բնագավառներում, այդ թվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններում, անհրաժեշտ է սերնդափոխություն։ Իհարկե, անհրաժեշտ են նոր կադրեր, նոր հնարավորություններ, որը իր հետ կբերի դրական փոփոխություններ։ Ինչ վերաբերում է իմ մրցակիցներին, ասեմ, որ իմ մրցակիցները ինձ չեն հետաքրքրում։ Ես ներկայացնելու եմ իմ ծրագրերը եւ ներկայացնում եմ ինձ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Թումանյանը։

Մի քանի օրից քարոզարշավին կմիանա նաեւ ՄԻԱԿ-ը ներկայացնող, ինքնաառաջադրված Տարոն Ապրեսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը մրցակցելու է միայն գործող քաղաքապետի հետ։

«Մինչ այժմ 13 տարի նա է Վանաձորի քաղաքապետ եղել, եւ այն, ինչ հիմա մեզ դուր չի գալիս, որի համար մենք փորձում ենք պայքարել, դա հենց գործող քաղաքապետն է եղել քաղաքապետ», - նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ Վանաձորում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար նոր ուժ է հարկավոր։

please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG