Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հրաժարվում է Երեւանի ավագանու աշխատանքներին մասնակցելու գաղափարից


ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, Կոնգրեսը հրաժարվում է մայրաքաղաքի ավագանու աշխատանքներին մասնակցելու գաղափարից:

Չնայած Երեւանի ավագանու 2009 թվականի ընրություններից հետո Հայ ազգային կոնգրեսը չէր վերցրել քվեարկության արդյունքում իրեն բաժին հասած 13 մանդատները, դրանք, սակայն, դեռ պատկանում են ընդդիմությանը: Եվ այս տարվա գարնանը Ազգային ժողով անցնելուց հետո Կոնգրեսը քննարկման արժանի էր համարել խորհրդարանական գործունեությանը զուգահեռ նաեւ մայրաքաղաքի ավագանու կազմում աշխատելու գաղափարը:

Քանի որ ավագանու ընդդիմադիր անդամների ցուցակում մեծ թիվ են կազմում նաեւ ՀԱԿ-ից հեռացած «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք հայտարարել են ավագանու անդամությունից հրաժարվելու մասին, Կոնգրեսի համակարգողը չէր բացառել նորացված կազմով ավագանու աշխատանքներին մասնակցելու եւ այդ ամբիոնը եւս օգտագործելու հնարավորությունը:

Այսօր, սակայն, Ազգային ժողովում ՀԱԿ-ի խմբակցության անդամ Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Չեմ կարծում, որ մենք ընդհանրապես մասնակցենք այդ ավագանու նիստերին: Մի պահ խոսակցություն եղավ այն մասին, որ մեր երիտասարդներին ընդգրկենք այդ աշխատանքի մեջ, բայց դա մի քիչ դժվար իրագործելի ծրագիր է եւ հակասական կերպով է ընկալվում: Այնպես որ, կարծում եմ, որ դրա վրա կենտրոնանալն իմաստ չունի: Կոնգրեսը ժամանակին որոշումը ընդունել է, վերանայելու վերաբերյալ հիմա որեւէ մտադրություն չունի, եւ թեման համարում ենք փակված»:

Այս պահին Երեւանի ավագանու կազմում Կոնգրեսի ցուցակով անցած անդամներից աշխատում է միայն Ռուբեն Թորոսյանը, ով Կոնգրեսի խորհրդարան անցնելուց հետո դիմեց եւ ինքնակամ վերցրեց իր մանդատը:

Զուրաբյանը իրենց մասնակցությունը մայրաքաղաքի ավագանու աշխատանքներին առաջնային հարց չի համարում. - «Մենք գնում ենք դեպի ապագա, եւ շատ ավելի լուրջ եւ առաջնային հարցեր կան Կոնգրեսի առջեւ»:

ՀԱԿ-ը, մինչդեռ, ավագանու թեկնածուներ ունի գալիք սեպտեմբերի 9-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում երկրի մի քանի խոշոր համայնքներում` Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Սիսիանում, Մարալիկում: ՀԱԿ-ը այս առնչությամբ նշում է, որ առանձին համայնքներում ավագանու թեկնածուներ առաջադրելու որոշումը ՀԱԿ-ի տեղական կառույցներինն է:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում որեւէ քաղաքական ուժի թեկնածուներին սատարելու որոշում Կոնգրեսը չի կայացրել` ի տարբերություն ընդդիմադիր «Ժառանգության», որը եւս ակտիվ չէ այս ընտրություններում, բայց ընդդիմադիր գործընկերների թեկնածուներին աջակցելու պատրաստակամություն հայտնել է:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
Գյումրիում «Ժառանգություն»-ը սատարելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանի մրցակից, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանին, իսկ ավագանու ընտրություններում` ակտիվիստ Լեւոն Բարսեղյանի գլխավորած «Քաղաքը մերն է» նախաձեռնությանը:

«Սա առաջին դեպքը չէ. «Ժառանգություն»-ը միշտ էլ ընդդիմությանը աջակցել է: Հետագայում եւս եթե աջակցության կարիք ունենան թեկնածուները եւ դիմեն, մենք անպայման համապատասխան վերաբերմունք ցույց կտանք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ սատարեն «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուներին, Մարտիրոսյանն արձագանքեց. - «Իրենք ունեն իրենց քաղաքական հետագիծը, որը ընդդիմադիր չէ, ուստիեւ իրենց ընտրություններում հաջողություն մաղթելով` մենք կատարում ենք այնպիսի քայլեր, որոնք ուժեղացնում են ընդդիմությունը»:

«Ժառանգություն»-ը եւս գրեթե չի առաջադրել համայնքների ղեկավարների թեկնածուներ, մի քանի համայնքներում պայքարելու են ավագանու թեկնածուներ:

Հարցին, թե որն է նման պասսիվության պատճառը, արդյո՞ք ընդդիմությունը առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ խնայում է ռեսուրսներն ու միջոցները, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. - «Դա երեւի թե կյանքի իրավունք ունեցող տեսակետ է` ռեսուրսների հետ կապված, որովհետեւ ընդդիմադիր քաղաքական ուժը հայաստանյան պայմաններում այդքան շքեղ չի կարող լինել: Խոսքը, կարծում եմ, ֆինանսական ռեսուրսների մասին է: Բայց կան շատ ավելի ֆունդամենտալ պատճառներ»:

Դրանցից գլխավորը, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, այն է, որ իրենց կուսակցությունն այս ընտրությունները համարում է «ապաքաղաքական գործընթացներ» եւ կարծում է, որ Հայաստանում առկա գլխավոր խնդիրները դուրս են ՏԻՄ-երի լիազորություններից:

Մարտիրոսյանն իր բացատրությունն ունի, թե ինչու է գործող իշխանությունը շահագրգռված տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելու հարցում. - «Խնդիրն այն է, որ երբ դու անօրինական ձեւով ես օգտագործում համայնքային իշխանությունը, իհարկե, դու կարող ես դա օգտագործել ձայն բերելու համար: Բայց եթե դու օրինական ձեւով օգտագործես, դու չես կարող այդ ձայնը բերել»:

«Ժառանգության» ներկայացուցիչը նաեւ վերահաստատեց առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու իրենց դիրքորոշումը:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG