Մատչելիության հղումներ

Տրիպոլիում ընթացող մարտերը անհանգստացնում են հայերին


Տրիպոլի, 21 օգոստոսի, 2012
Տրիպոլի, 21 օգոստոսի, 2012
Սիրիական հակամարտությունից անմասն չմնաց հարեւան Լիբանանը, որտեղ արդեն երեք օր է թեժ մարտեր են ընթանում Ասադի եւ ընդդիմության կողմնակիցների միջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը երեքշաբթի ուշ երեկոյան զրուցել է Լիբանանի Տրիպոլի քաղաքի միակ հայկական եկեղեցու` Սուրբ Հոգեգալուստի սպասավոր հայր Ռուբեն Միսիսյանի հետ: Զրույցի պահին հեռվից ռումբերի սվոցների ու պայթյունների ձայներ էին լսվում: Տրիպոլոիում մոտավորապես 200 հայ ընտանիք է բնակվում:

Հայր Ռուբենը ասաց, որ համարյա կես ժամը մեկ հրաձգությունների, պայթյունների ձայներ են լսվում: Նա փոխանցեց, որ ժողովուրդը շատ վախեցած է, իրավիճակը վտանգավոր է, փողոցներում մարդ չկա, խանութները շուտ են փակվում: Հայր Ռուբենը փոխանցեց, որ Տրիպոլիի բոլորը հայերը հիմնականում մի թաղամասում են ապրում:

«Բարեբախտաբար, հայերի մեջ տուժածներ չկան, հակամարտ կողմերը հայերի հետ գործ չունեն, խնդիրներ չկան, բայց բախումները շատ հեռու չեն՝ ընդամենը 7-8 կմ հեռու հայկական թաղամասից», - ասաց նա` հավելելով, որ պայթյունների ձայներից մարդիկ վախենում են, հայերից ով կարողանում է, ով ազգականներ ունի Բեյրութում, երեխաներին, կանաց ուղարկում են Բեյրութ, մարդիկ նաեւ ժամանակավորապես հեռանալու մասին են մտածում:

Տրիպոլին գտնվում է Բեյրութից մոտավորապես 100 կիլոմետր հեռավորության վրա, դեպի հյուսիս: Երրորդ օրն է այստեղ բախումներ են տեղի ունենում Սիրիայի իշխանություններին պաշտպանող ալեւի մուսուլմանների ու Սիրիայի ընդդիմության կողմնակից սունի մահմեդականների միջեւ: Միջազգային լրատվական գործակալությունները հաղորդում են մի քանի զոհերի ու տասնյակ վիրավորների մասին:

Անցած շաբաթավերջին «Ռադիո Վատիկանին» հարցազրույց էր հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդը : Պատրիարքն ասել էր, որ «այն, ինչ կատարվում է Սիրիայում, լուրջ իրավիճակ է ստեղծում որը կարող է ազդեցություն ունենալ Լիբանանի վրա»:

Սեպտեմբերի 14-ից 16-ը նախատեսված է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցելությունը Լիբանան: Չնայած Լիբանանում իրավիճակը սրվում է, Վատիկանի մամուլի խոսնակը լրագրողներին ասել է, թե այցը հետաձգելու մտադրություն չկա, նախապատրաստական աշխատանքները ընթանում են:

Լիբանանի մոտավորապես 4 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը քրիստոնյա է: Հռոմի պապը ուղերձով դիմելու է Լիբանանի ժողովրդին, հանդիպելու է քրիստոնյա եկեղեցիների ու մահմեդական հոգեւոր առաջնորդների, նաեւ Լիբանանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հայր Ռուբենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Հռոմի պապի այցելությունը անշուշտ դրական ազդեցություն կունենա, կզգան, որ պաշտպաններ ունեն, որ իրենք մենակ չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG