Մատչելիության հղումներ

Հայ մարզիկները կմասնակցեն Լոնդոնի պարալիմպիկ խաղերին


Գրետա Վարդանյանը (ձ) Մարգարիտա Հովակիմյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Գրետա Վարդանյանը (ձ) Մարգարիտա Հովակիմյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կանցկացվեն Պարալիմպիկ խաղերը: 166 երկրներից ռեկորդային թվով` 4200 մարզիկ է մասնակցելու 21 մարզաձեւերում անցկացվելիք ամառային պարալիմպիկ խաղերին: Ռեկորդային է նաեւ մասնակից կանանց թիվը՝ 1513 մարզիկ:

Հայաստանից խաղերին մեկնում է երկու մարզիկ՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Գրետան 2008-ին մասնակցել է Պեկինում կայացած պարալիմպիկ խաղերին, իսկ Մարգարիտան 17 տարեկան է ու խաղերին մեկնում է առաջին անգամ:

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը մեդալներ խոստանալ չի ցանկանում, բայց նշում է, որ մեր երկու մարզիկներն էլ լավ պատրաստված են: Առայժմ Հայաստանի ցուցաբերած լավագույն արդյունքը պարալիմպիկ խաղերին 4-րդ տեղն է եղել ծանրամարտում եւ լեռանադահուկային սպորտում:

Պարալիմպիկ կոմիտեի նախագահը կարծում է, որ Հայաստանի հաշմանդամ մարզիկների մրցունակությունը հնարավոր է բարձրացնել ֆինանսական լրացուցիչ միջոցների շնորհիվ:

«Այս խաղերին նույնպես վարկանիշային մրցակցություն է, իսկ մարզիկների համար վարկանիշները ապահովելու համար մեծ գումարներ են պետք, որ այսօր մենք չունենք, որ կարողանանք ավելի մեծ թվով մարզիկներ ուղարկել պարալիմպիկ խաղերին», - ասաց Հակոբ Աբրահամյանը:

Այս խաղերին մասնացելու ու մարզվելու համար պետական աջակցությունը կազմում է 5.8 մլն դրամ:

Հաշմանդամների մրցումները անցկացվելու են օլիմպիական խաղերից ոչ պակաս շուքով: Այս պահի դրությամբ 2.5 մլն տոմսերի մեծ մասն արդեն վաճառվել է:

«Նորից ջահ է բարձրացվելու, լինելու է բացման եւ փակման արարողություններ», - փոխանցեց Հակով Աբրահամյանը:

Պարալիմպիկ խաղերը հայկական որեւէ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվելու: Գրետա Վարդանյանը մրցասպարեզ դուրս կգա սեպտեմբերի 1-ին, Մարգարիտան` սեպտեմբերի 5-ին:

«Գնում եմ մեծ ոգեւորությամբ, չեմ վախենում ու կփորձեմ ամեն ինչ անել, որ գոնե իմ եւ իմ մարզիչի համար արդյունքս լավը լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:


please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG