Մատչելիության հղումներ

Ազնավուրն այսօր իր աշխարհահռչակ հիթերը կկատարի Ախալցխայում


Չնայած ջավախահայերը հանրահայր ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրին կոչ էին արել հրաժարվել Ախալցխայում նախատեսված համերգից, բայց շանսոիեն, այնուամենայնիվ, որոշել է ժամանել Վրաստան եւ այս երեկո Ախալցխայում կկատարի իր աշխարհահռչակ հիթերը։

Լինելով Ախալցխայի պատվավոր քաղաքացի՝ Ազնավուրն այստեղ առաջին անգամ կերգի։ Ազնավուրը Ախալցխայից է սերում։ 20-րդ դարասկզբին աշխարհահռչակ երգչի հայրը՝ Միքայել Ազնավուրյանն է այստեղ ապրել, ապա՝ գաղթել է Հունաստան, հետո՝ Ֆրանսիա, որտեղ էլ 1924-ին լույս աշխարհ է եկել Շարլը։

Ախալցխա այցելելու հրավերը նա Վրաստանի իշխանություններից է ստացել։ Առիթը՝ վերանորոգված Ռաբաթ բերդաքաղաքի բացումն է։

Ինչպես մեզ փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության թղթակից Մայա Իվելաշվիլին, բացման արարողությանը 20 հազարից ավելի հյուրեր կմասնակցեն։ Օրվա ընթացքում նաեւ լուրեր տարածվեցին, թե Վրաստանի իշխանությունները Ռաբաթի բացմանը հարեւան 6 երկրների նախագահների են հրավիրել։ Սակայն ինչպես քիչ առաջ մեր ռադիոկայանին փոխանցեց Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ միակ արտասահմանցին Ազնավուրն է։ Այսինքն՝ այլ երկրների նախագահներ հրավիրյալների ցուցակում չկան։

Ռաբաթ բերդը 9-րդ դարասկզբի կառույց է։ Ախլցխայի քաղաքային խորհրդի ղեկավար Գելա Դեմետրաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ այստեղ վերանորգվել են հին կառույցները, ավելացել են նորերը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, թատրոններ

«Հույս ունենք, որ այն դառնալու է ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի տուրիստական լրջագույն կենտրոններից մեկը», - ասաց Դեմետրաձեն՝ հավելելով, թե Ռաբաթ բերդը հանդուրժողականության սիմվոլ է, քանի որ այնտեղ դարերով կողք-կողքի կանգնել են հայկական ու վրացական եկեղեցիները, հրեական սինագոգն ու մուսուլմանական մզկիթը, կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիները, խաղաղ գոյակցել են տարբեր ազգությունների ներկայացուցիչները։

Բերդի տարածքում նաեւ ճարտարապետական տարբեր շինություններ կան։ Դրանց թվում է մուսուլմանական մզկիթը, որը կառուցվել է 1752 թվականին Ահմեդ փաշայի կառավարման օրոք։ Այն, վրացական ծառայության մեր թղթակցի փոխանցմամբ, նույնպես վերանորոգվել է։

Այս մզկիթի վերականգնումը Ազնավուրին ուղղված նամակում հիշատակել էին նաեւ ջավախահայերը։ Նրանք, մասնավորապես, գրել էին․ - «Վրաստանի իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու՝ Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները: Նման պայմաններում Շարլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում»:

Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը մեզ հետ զրույցում ասաց՝ Ազնավուրն այս հայտարարությանը տեղյակ է։

«Տեղյակ է ամեն ինչին, բայց ինքըը եկել է, որպես՝ ինքը ՄԱԿ-ի դեսպանի կոչումն էլ ունի՝ հաշտեցնող, սեր սերմանող», - ասաց Բայբուրդը։

Ազնավուրի այսօրվա ելույթը տեղի կունենա վերանորոգված ամֆիթատրոնում։ Համերգը կանցնի բաց երկնքի տակ՝ կենդանի կատարմամբ։

Ավելի վաղ նախագահական նստավայրում ֆրանսահայ երգչին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG