Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետն անակնկալ այցով մեկնել է Բաքու


Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, արխիվ
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, արխիվ
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այսօր անակնկալ այցով մեկնել է Բաքու՝ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու համար։

Երկօրյա այցի մասին լրատվամիջոցներին հայտնի է դրաձել Twitter սոցիալական ցանցից, որտեղ Ռոգոզինը առավոտյան գրել է. - «Հենց հիմա մեկնում եմ Բաքու՝ Ալիեւի հետ հանդիպելու»։

Փորձագետները փաստում են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այժմ բավական բարդ բանակցություններ են վարում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության պայմանագիրը երկարաձգելու շուրջ, իսկ Ռոգոզինը Ռուսաստանի կառավարությունում համակարգում է հենց ռազմաարդյունաբերության ոլորտը։ Բացի այդ, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Ռոգոզինը մտերիմ է Իլհամ Ալիեւի հետ, նրանք, մասնավորապես, ծանոթ են դեռ 90-ականների վերջերից, երբ երկուսն էլ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավարում էին իրենց երկրների պատվիրակությունները։

Այցի մասին առայժմ պաշտոնապես որեւէ տեղեկություն չի հաղորդվում։ Այդուամենայնիվ, փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի փոխվարչապետի օրակարգի ամենակարեւոր հարցը Գաբալան է, որը հնարավորություն է տալիս ամբողջովին վերահսկել հրթիռների արձակումը Իրաքի, Իրանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե դեմ չէ երկարաձգել տասը տարի առաջ ստորագրված վարձակալման պայմանագիրը, պայմանով, որ Կրեմլը մոտ քառասուն անգամ ավելացնի դրա դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաեւ ավելացնի ճնշումները Հայաստանի նկատմամբ՝ Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։

2002 թվականին ստորագրված համաձայանգրով, մասնավորապես, Ռուսաստանը տարեկան 7 մլն դոլար էր վճարում Գաբալայի համար։ Այժմ Բաքուն պահանջում է մինչեւ 300 միլիոն դոլար։

«Եթե Ռուսաստանին իսկապես պետք է այդ կայանը եւ նրանք ուզում են համագործակցել Ադրբեջանի հետ ապա պետք է հաշվի առնեն առկա իրականությունը»,- օրեր առաջ հայտարարել էր Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը՝ ակնարկելով, որ Գաբալայի շրջանն իրականում լայն հնարավորություններ ունի զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման համար։ - «Մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ, սակայն պատրաստ ենք խնդրի ցանկացած հանգուցալուծման»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG