Մատչելիության հղումներ

Պեկինի 5-րդ բիենալեում Հայաստանը կներկայանա «հատուկ ցուցահանդեսով»


Պեկինի 5-րդ միջազգային բիենալեում Հայաստանն առաջին անգամ կներկայանա առանձին տաղավարով: Երկու տարին մեկ կազմակերպող այս միջոցառման ժամանակ ամեն անգամ ընտրվում է 4 երկիր, որոնց իրավունք է տրվում ներկայանալ «հատուկ ցուցահանդեսով»: Այս անգամ տեղ է հատկացվել նաեւ Հայաստանին։

«Իրենք այդ 4-ի միջոցով փորձում են ապահովել լայն աշխարհագրություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պեկինի 5-րդ բիենալեում Հայաստանի «հատուկ ցուցահանդեսի» համադրող Արա Հայթայանը։

Մինչ այժմ Հայաստանը Չինաստանում անցկացվող այս բիենալեում հատուկենտ արվեստագետներ են ներկայացրել։

Առանձին տաղավարով ներկայանալու մտահղացում պատկանում է Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի բաժնի նախկին պետ, արվեստաբան Սոնա Հարությունյանին, ով նաեւ Պեկինում Հայաստանի «հատուկ ցուցահանդեսի» կոմիսարն է:

Հայկական կողմը նախապատրաստական աշխատանքները սկսել է 2011 թվականից, հայկական կողմը ներկայացվել է նախագիծ եւ այս տարի փետրվարին պարզ է դարձել, որ Պեկինի բիենալեի կազմկոմիտեն անվերապահորեն ընդունել է Հայաստանի ներկայացրած նախագիծը:

«Սովորաբար կա՛մ արվեստագետներ են բացառվում, կա՛մ որոշ աշխատանքներ են հանվում, կա՛մ ընդհանուր գաղափարախոսությունը ցուցահանդեսի չի ընդունվում։ Հայաստանի դեպքում ընտրվեցին արվեստագետներ եւ որդեգրվեց գաղափարախոսություն, որը ընդունվեց», - մեզ հետ զրույցում նշեց Սոնա Հարությունյանին։

Ֆինանսավորման խնդիրը մասամբ Չինաստանն է լուծում, մասամբ Հայաստանի մշակույթի նախարարությունը: Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Հայաստանը Պեկինում կներկայանա 3-5 հոգանոց պատվիրակությամբ: Արա Հայթայանի կարծիքով, սակայն, հայկական պատվիրակությունը պետք է ավելի մեծաթիվ լիներ։

«Ներկայանում ենք ամենափոքրագույն թիմով, որը քիչ է։ Ինքը՝ չափսը, ֆորմատը, չի համապատասխանում ներկայանալու ֆորմատին», - ասում է նա։

Հավելենք, որ Պեկինի 5-րդ միջազգային բիենալեն տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին: Լինելու է նաեւ մեծ գիտաժողով, որտեղ Հայաստանը մեծ հնարավորություն ունի արվեստի համաշխարհային հեղինակավոր գործիչների հետ համագործակցության եզրեր գտնել:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG