Մատչելիության հղումներ

Մշակվել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ


Կառավարությունը մշակել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ, որն աշնանը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Օրենսգրքի հոդվածների 65-75 տոկոսը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նախագծի համահեղինակ, Արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, նոր կարգավորումներ են, որոնք պիտի Հայաստանի քրեական դատավարությունը համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին:

Հարցին, թե արդյոք նոր օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո կնվազեցեն Եվրոպական դատարանում Հայաստանի պարտությունները, փոխնախարարը պատասխանեց. - «Մենք փորձել ենք հնարավորինս համակողմանի եւ ամբողջական հաշվի առնել Եվրոպական դատարանի փորձը, որպեսզի համենայն դեպս օրենսդրական խնդիրներ այլեւս մենք չմեջբերենք եւ չասենք` այս գործը մենք պարտվել ենք, որովհետեւ օրենսդրության հետ մենք խնդիրներ ունենք»:

Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանի կարծիքով` նոր օրենսգիրքը մեծացնում է ոլորտում հանրային վերահսկողությունը եւ նույնիսկ սահմանափակում է ոստիկանության լիազորությունները: Այսուհետ տարբեր պատճառաբանություններով ու նպատակներով անձին ոստիկանություն տանելը կսահմանափակվի: Այն պահից, երբ ինչ-որ մեկը կանչվում է ոստիկանություն, նա դառնում է ոչ միայն ոստիկանության, այլեւ մի շարք այլ կառույցների ուշադրության թիրախ: Սահմանափակվում եւ կանոնակարգվում են ոստիկանության լիազորությունները նաեւ օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելիս:

«Կամայականությունները այսպիսով պետք է նվազեն», - ասաց փորձագետը` շարունակելով. - «Նոր Քրդատով անձին ոստիկանություն տանելը հավասարազոր է մեղադրանք առաջադրելուն: Մինչեւ այժմ օպերատիվ-հետախուզական գործունեությունը կատարվում է քրեական դատավարությունից դուրս: Այսինքն նորից` պետություն պետության ներսում. դեռ չկա քրեական դատավարություն, դեռ չկա հանրային վերահսկողության տակ գտնվող պրոցես, բայց մարդուն հետապնդում կամ հետեւում են»:

Որպես կարեւոր բարեփոխում թե' Արա Ղազարյանը, թե' Ռուբեն Մելիքյանը նշեցին խափանման միջոցի նոր տեսակների ներմուծումը, ինչը բավականին տարածված փորձ է Արեւմուտքում, սակայն Հայաստանում մինչեւ այժմ չի կիրառվել:

«Խափանման միջոցի նոր տեսակներ են ներմուծվում` օրինակ, տնային կալանքը, այնպիսի մեխանիզմներ են ներդրվել, որպեսզի գրավի կիրառությունը շատանա: Այսինքն` ամեն ինչ արվում է, որպեսզի կալանքի` որպես խափանման միջոցի կիրառության դեպքերը նվազեն», - նշեց Արա Ղազարյանը:

Նրա խոսքով` նոր օրենսգիրքը թե' Արեւմուտքի ճնշումների, թե' քաղաքական կամքի հետեւանք է. - «Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն են զարգացել, ինտերնետն է զարգացել, եւ պետությունն է հասկացել, որ այլեւս հին մեթոդներով հնարավոր չէ այս ժողովրդին կառավարել»:

Գործող Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է 1998 թվաքականին: Նոր օրենսգիրքը, Ազգային ժողովի հավանությանն արժանանալու պարագայում, ուժի մեջ կմտնի 2014 թվականին:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG