Մատչելիության հղումներ

Արեւելագետ. Արեւմուտքը դեռ պատրաստ չէ Սիրիայում Լիբիայի սցենարի կիրառմանը


Վիրավոր սիրիացի Հալեպում, 10 օգոստոսի, 2012
Վիրավոր սիրիացի Հալեպում, 10 օգոստոսի, 2012
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Արեւմուտքը դեռ պատրաստ չէ Սիրիայում Լիբիայի սցենարի կիրառմանը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հիշեցնենք, անցած շաբաթավերջին Թուրքիա կատարած այցի ընթացքում անդրադառնալով Սիրիայի հարցին, հայտարարել էր, որ ԱՄՆ եւ Թուրքիան մտադիր են աջակցել Սիրիայի ընդդիմությանը, եւ որ Վաշինգտոնը կիսում է Սիրիայի իրավիճակի հետ կապված վրդովմունքը, բայց չի ուզում կիրառել այնպիսի միջոցներ, որոնք կարող են հանգեցնել նոր բռնությունների կիրառման:

Ռուբեն Սաֆրաստյանը երկուշաբթի կայացած ասուլիսում ասաց, որ Սիրիայում ապստամբները զիջում են, իսկ կառավարությունը գնալով ամրապնդում է իր դիրքերը, եվ եթե չլիներ Արեւմուտքի աջակցությունն ապստամբներին, ապա կառավարական ուժերը վաղուց պարտության կմատնեին ապստամբներին:

«Ապստամբներին անընդհատ օգնություն է գալիս, բայց նրանք կամաց-կամաց պարտվում են. վերջի վերջո նրանք կպարտվեն: Դրա համար հիմա սկսում են քննարկել նոր միջոցների կիրառումը, որոնցից պետք է լինի լիբիական սցենարի կիրառումը, որը հնարավորություն կտա իրականացնելու (իհարկե, շատ ավելի մեծ դժվարությամբ, շատ ավելի մեծ զոհերի գնով), այն, ինչ տեղի ունեցավ Լիբիայում», - ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը` հավելելով, որ Սիրիայում փոխզիջումային տարբերակների հնարավորությունն անցել է, ու այժմ խոսք կարող է գնալ միայն կողմերից մեկի հաղթանակի մասին:

Սաֆրաստյանը ասում է` Արեւմուտքը չի ստանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դրական պատասխանը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ` Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշման պատճառով:

Անդրադառնալով սիրիահայերի խնդրին` Սաֆրաստյանն ասաց, որ տեղի հայկական համայնքը չի ուզում, որ Հայաստանը խառնվի այդ երկրի ներքին հարցերին: Սակայն Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը կարծում է, որ եթե Սիրիայում իրավիճակը առավել լարվի, ապա Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն նյութական եւ հոգեւոր օժանդակություն ցուցաբերել նրանց:

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ նրանց օժանդակենք վերականգնելու իրենց հոգեւոր բարձր մակարդակի կյանքը, որը կար Սիրիայի հայ համայնքում», - ասաց Սաֆրաստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG