Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Նոր Զելանդիա


Երեկ երեկոյան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Օքլենդ, որտեղ նույն օրը հանդիպել է այդ երկրի արտգործնախարար Մյուրեյ ՄըքԿալիի հետ։

Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հոբելյանական տարում Հայաստանի արտգործնախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:

Գործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվել են վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան եւ գյուղատնտեսությունը:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Նալբանդյանը նորզելանդացի գործընկերոջն է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարեւորել է Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Նալբանդյանը ՄըքԿալիին հրավիրել է այցելել Երեւան:

Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաեւ Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան եւ ծաղկեպսակ դրել պատերազմում զոհվածների հուշակոթողին:

Այսօր Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Նոր Զելանդիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին:

Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձեւավորումը:

Նույն օրը Նալբանդյանն այցելել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում է ունեցել դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Նոր Զելանդիայի միջեւ համագործակցության զարգացման եւ այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:

Արտգործնախարարի այցելության օրակարգում ներառված էր նաեւ հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները: Հայ համայնքի հետ քննարկվել է նաեւ Հայաստան - Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG